
Ասադի վարչակարգը քիմիական զենքի կիրառմամբ սպանել է մինչև 150 մարդու. ԱՄՆ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի կառավարությունը քիմիական զենք է գործածել ընդդիմության նկատմամբ՝ սպանելով մինչև 150 մարդու: Այս մասին երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության գծով փոխխորհրդական Բեն Ռհոդսը.
«Մանրակրկիտ դիտարկումից հետո մեր հետախուզությունը գնահատական է տվել, որ Ասադի վարչակարգն օգտագործել է քիմիական զենք՝ զարին գազ: Մեր հետախուզությունը մեծապես վստահ է դրանում՝ հաշվի առնելով տեղեկատվության բազմաթիվ ու անկախ աղբյուրները: Սիրիայում ցայժմ քիմիական զենքի կիրառմամբ հարձակումներից զոհվել է 100-150 մարդ, սակայն տուժածների մասին տվյալները կարող են չլինել լիարժեք:
ԱՄՆ-ը Ռուսաստանին հատկացրել է Սիրիայում քիմիական զենքի կիրառման մասին իր ապացույցները: Ռուսաստանը դեռ չի համաձայնվել, որ Բաշար Ասադը պետք է հեռանա: Մենք ռուսներին իրազեկել ենք, թե ինչ տվյալներ ունենք և մեր գնահատականը դրանց նկատմամբ:
Մենք կարծում ենք, որ Ռուսաստանն ու միջազգային հանրության բոլոր անդամները պետք է իմանան զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) կիրառման մասին, որտեղ էլ որ այն կիրառված լինի»:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ Բաշար Ասադի վարչակարգի համար քիմիական զենքի կիրառումը կնշանակի «կարմիր գծի» հատում:
Հիշեցնենք, որ երեկ ՄԱԿ-ի ներկայացրած նոր տվյալներով՝ Սիրիական հակամարտության ընթացքում զոհվել է 93.000 մարդ: