Հրապարակվել են Մայքլ Ջեքսոնի մահվանից հետո նրա սենյակում արված լուսանկարները (ֆոտոշարք)
Համացանցում հայտնվել են փոփ երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնի մահվանից հետո նրա ննջասենյակում արված լուսանկարները: Այս մասին հայտնում է ռուսական «Life News» լրատվական կայքը:
Ինչպես պարզաբանել են Լոս Անջելեսի ոստիկանության աշխատակիցները, լուսանկարները իրեղեն ապացույց են հանդիսացել երգչի անձնական բժիշկ Կոնրադ Մյուրեյի գործում:
Հրապարակված լուսանկարներում, որոնք լուրջ արձագանք են ստացել հասարակության կողմից, տեսանելի է փոփ արքայի մահվան օրը նրա ննջասենյակում տիրած քաոսը. ամբողջ սենյակը սփռված է եղել դեղերով, դատարկ տարաներով և թթվածնի բալոններով:
Ըստ ոստիկանության ներկայացուցիչների` այդ լուսանկարները առաջացրել են բազմաթիվ հարցեր, նրանք նաև տեղեկացրել են, որ տան տերը առանձնատունը վարձել է ամսական 100 000 ԱՄՆ դոլլարով:
Հիշեցնենք, որ Մայքլ Ջեքսոնը մահացել է 2009 թ. հունիսի 25-ին: Առավոտյան Ջեքսոնի բժիշկը նրան ներարկել էր պրոպոֆոլ, որից մոտ երկու ժամ հետո վերադարձել էր և Ջեքսոնին գտել մահճակալի վրա պառկած` բաց աչքերով և բերանով: Իսկ 2011 թ. նոյեմբերին` երկար դատական գործընթացից հետո, բժիշկ Մյուրեյը դատարանի կողմից մեղավոր ճանաչվեց չկանխամտածված սպանության մեջ և դատապարտվեց չորս տարվա ազատազրկման: