Թե ինչպես Վերահսկիչ պալատը «հրաշք» ցուցադրեց

Ազգային Ժողովում շարունակվում է քննարկվել Վերահսկիչ Պալատի 2012 թվականի տարեկան հաշվետվությունը: ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը այս առնչությամբ ևս հայտնեց իր նկատառումները: «Նախ  ողջունում եմ, որ ձեր 6-ամյա աշխատանքի շնորհիվ հասել եք այն արդյունքի, որը կարելի է հրաշք անվանել: Հովիկ Աբրահամյանը որդեգրեց այն բառապաշարը, որի շնորհիվ ՀԱԿ-ը արդեն 5 տարի է գնահատում է այս կառավարության գործունեությունը: Նա կառավարությանը տվեց  «թալանչիներ» ու «գողեր» գնահատականը: Հետաքրքիր է, որ Հանրապետական հռետորները խոսափողները ձեռք ձեռքից խլելով անցել են քննադատության, ուզում են «չաղ ու բախտավոր» չինովնիկին գտնել, բայց չգիտեն` ինչպես: Ո՞ւր էր նախագահն այս ժամանակ, վարչապետը, այս մեծամասնությունը»,- նշեց Լևոն Զուրաբյանը: ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանից ՀԱԿ պատգամավորը հետաքրքրվեց, թե Հարավ-Հյուսիս ավտոճանապարահային ծրագրի կառուցման վրա արդեն որքա՞ն միջոց է օգտագործվել: Նա հետաքրքրվեց նաև, թե աղաղակող խախտումներ կա՞ն և նոր տենդեր այդ հարցով անցկացնելը հնարավո՞ր է:

Իշխան Զաքարյանն էլ պատասխանեց, թե իր ելույթի ժամանակ ավտոճանապարհի կառուցման մասին արդեն խոսել է, ապա ավելացրեց. «Անկեղծ եմ ասում, որ Ասիական զարգացման բանկը հյուսիս-հարավ ճանապարհի հետ կապված ինչ առաջարկել է, հարյուր տոկոսով Կառավարությունն արել է: Նրանք գործընթացների հետ կապված խնդիրներ են դնում, որ օրինակ պետք է լինի մրցույթ: Եվ այս ամենը կատարվել է Կառավարության կողմից: Դրանից հետո վիճակն ինչո՞ւ է այդպես եղել… ՎՊ-ն և Տրանսպորտի նախարարությունը խնդիրր ևս տեսել են: Մենք իրար հետ աշխատում ենք, որ խնդիրները չլինեն»: Ի. Զաքարյանը նշեց, թե չի կարող կոնկրետ թիվ ասել, թե որքան է ծախսվել ճանապարհի կառուցման վրա, որովհետև, նրա խոսքով, տվյալները դեռ պետք է  վերլուծվեն: «Առայժմ ասեմ, որ մեծ գումարներ ծախսված չեն` որևէ թիվ չեմ ուզում ասել, դեռ պետք է մշակենք, բայց չեմ կարծում` գումարը մեծ լինի:  Հիմա մենք համարձակ մտնում ենք այս դաշտը. հիշո՞ւմ եք, պարոն Զուրաբյան, կապված կենսաթոշակների հետ ինչ ասես ասեցին, ՎՊ նախագահին շոուից բռնած` ոնց ասես չբնորոշեցին, վերջում եղավ այն ինչ եղավ` համակարգը բացվեց,  ձերբակալվեցին, հիմա էլ գնում է դատավարություն»,- արձագանքեց ՎՊ նախագահը:

ՀԱԿ պատգամավորն էլ հարցրեց. «Տեսականորեն հնարավո՞ր է, որ, ասենք, տենդերը վերանայվի, նոր տենդեր առաջարկվի: Այս դեպքում կստացվի, որ մինչ օրս ծախսված գումարը գողացված կհամարվի: Օրինակ, եթե արդեն ծախսվել է 100 մլն, դառնում է, որ քամուն տված փող է: Այն մարդիկ, ովքեր անցկացրել են տենդերը, որի հետևանքով անարդյունավետ ծախսվել են պետական միջոցները, պատասխանատվություն կրո՞ւմ են»: Լևոն Զուրաբյանը ցանկացավ նաև խորհուրդներ տալ իշխող մեծամասնությանը, բայց նրա խոսքի ժամանակը սպառվեց: ՀԱԿ պատգամավորին ժամանակը չավելացվեց, իսկ Էդուարդ Շարմազանովն էլ հորդորեց. «Խորհուրդները կտաք ճիշտ ժամանակ»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս