Մենք կվերադարձնենք մեր հողերը. ադրբեջանական ընդդիմության՝ նախագահի հնարավոր միասնական թեկնածու
Minval.az-ի փոխանցմամբ՝ կինոդրամատուրգ Ռուստամ Իբրահիմբեկովը հունիսի 7-ին ընտրվել է (Ժողովրդավարական ուժերի) Ազգային խորհրդի նախագահ, որը հանդիսանում է վերջին 20 տարվա խոշորագույն ընդդիմադիր դաշինքն Ադրբեջանում:
BBC-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ազգային խորհրդի հիմնադիր նիստում հետաձգվել է իրեն որպես միասնական թեկնածու ընտրելու հարցը և որոշվել է դրան անդրադառնալ ավելի ուշ.
«20 տարի կուսակցությունները չեն կարողանում միավորվել, կան կուսակցություններ, որոնք չեն ցանկանում նստել սեղանի շուրջ: Այդ պատճառով էլ կասկածներ են առաջանում, և ինձ թվում է, որ դրանց համար կան հիմքեր»:
Նշվում է, որ Իբրահիմբեկովը միաժամանակ հանդիսանում է Ռուսաստանում գործող «Միլիարդատերերի միության» հիմնադիրը: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ««Միլիարդատերերի միությունը» կարո՞ղ է ֆինանսական ռեսուրսներ մոբիլիզացնել Ազգային խորհրդի համար» հարցին՝ Իբրահիմբեկովը նշել է.
«Այդ կազմակերպությանը մասնակից են ոչ միայն միլիարդատերերը, կան նաև սովորական մարդիկ: Այդ Միության հնարավորությունները սահմանափակ են: Այսինքն, դաշինքին մասնակցում են նաև հարուստ մարդիկ, սակայն նրանց գումարները պատկանում են Միությանը: Այդ մարդիկ զբաղվում են Ռուսաստանի ադրբեջանցիների ճակատագրով և չեն պատրաստվում միջամտել Ադրբեջանի ներքին գործերին»:
Ղարաբաղյան հակամարտության հետ կապված՝ Իբրահիմբեկովը հայտարարել է. «Դա շատ լուրջ խնդիր է: Մենք մեր հողերը կվերադարձնենք մեր ժողովրդին: Այնտեղ բնակվողները՝ հայերն ու ադրբեջանցիներն Ադրբեջանի քաղաքացիներ են: Նրանք կունենան հավասար իրավունքներ՝ անկախ իրենց ազգային պատկանելությունից:
Եթե նրանք իմանան, որ կապրեն ժողովրդավարական երկրում, ուր չի լինի կոռուպցիա, ապա հավատացեք, որ դա կլինի մեծ օգնություն՝ տվյալ հակամարտության կարգավորման համար»:
Հիշեցնենք, որ սրանից առաջ Ռուստամ Իբրահիմբեկովը հերքել էր շրջանառվող այն տեղեկատվությունը, թե իրենք հանդիսանում են Կրեմլի նախագիծ: