ԱՄՆ հատուկ ծառայությունները փորձում են արդարանալ քաղաքացիներին գաղտնալսելու համար
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Ազգային անվտանգության գծով գործակալության ղեկավար Քեյթ Ալեքսանդերը հայտարարել է, որ ինտերնետային օգտատերերին հետևելն ու հեռախոսազրույցների մասին տվյալներ հավաքելը հատուկ ծառայություններին օգնել է կանխել տասնյակ պոտենցիալ ահաբեկչական հարձակումներ:
Այս մասին նա հայտարարել է Սենատում կազմակերպված լսումներում: Ալեքսանդերն ընդգծել է, որ հատուկ ծառայությունները փորձում են լինել ազնիվ և պահպանում են մասնավոր կյանքի անձեռնմխելիության ու ազգային անվտանգության հարցերի միջև հավասարակշռությունը: Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ ավելի շուտ կնախընտրի ենթարկվել հասարակական պարսավանքի, քան թույլ տա, որ սպառնան երկրի անվտանգությանը:
Հունիսի սկզբին բրիտանական The Guardian և ամերիկյան The Washington Post թերթերը հոդվածներ էին հրապարակել, որոնցում նշված էր, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները գաղտնալսում են իրենց քաղաքացիներին: