Հայրիկյանը պատմել է իր վրա կատարված մահափորձի մանրամասները (տեսանյութ)
Երևանի Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով դատական նիստը: Նիստի ընթացքում ցուցմունքներ տվեց գործով տուժող Հայրիկյանը, ով սկզբում պատմեց իր քաղաքական գործունեության մասին և նշեց, որ 1992-ից 3 քրեական գործ է եղել իր նկատմամբ մահափորձ կատարելու վերաբերյալ: Հայրիկյանն ասաց, որ այս տարի նախընտրական քարոզչության շրջանում իր զինակիցներից մի քանի անգամ ահազանգ է ստացել, որ իրեն հետևող մեքենաներ կան, սակայն ինքը դրանց ուշադրություն չի դարձրել՝ մտածելով, որ անցել են այն ժամանակները, երբ իր նկատմամբ մահափորձ կարող են իրականացնել: Պարույր Հայրիկյանը պատմեց, որ այդ օրն իր մտերիմներն առաջարկել են իրեն տուն ուղեկցել, սակայն ինքը հրաժարվել է՝ նշելով, որ դրա անհրաժեշտությունը չկա:
«Մտա բակ, ինչպես միշտ՝ մեքենան կանգնեցրի իր տեղում, և երբ շքամուտքից ուզում էի մտնել ներս, հիշեցի, որ պայուսակս մոռացել եմ մեքենայի մեջ: Վերադարձա, վերցրի պայուսակը, երբ դուռը փակեցի, շրջվեցի, տեսա, որ իմ դիմաց կանգնած է մեկը, ով ձեռքը բարձրացրել է կրծքիս ուղղությամբ: Զենք չէր երևում, ուղղակի մեկնված զենք էր, և այդ զենքը փաթաթված էր ինչ-որ բանով: Ես անմիջապես հասկացա, որ զենք է, հասկացա նաև, որ ոչ խոսելու ժամանակ կա, ոչ հարց տալու, ոչ էլ պարզաբանում ստանալու: Ընդամենը մի քանի վայրկյանն են, վայրկյանի հարյուրերորդական մասեր»: Դրանից հետո, ըստ Հայրիկյանի՝ ինքը գոռացել է՝ հե՜յ, որից անմիջապես հնչել է կրակոցը: Կրակոցից ետ է շպրտվել, ձեռքի պայուսակն ընկել է: «Կրակոցից հետո ես հասցրի մի փոքր հայացք նետել, տեսա, որ նա երկրորդ անգամ է նշան բռնում, ու հասկացա, որ իմ փրկությունն իմ ձեռքերի մեջ է, եթե կարող եմ: Սկսեցի այդ կրակոցից խուսափելու համար ձեռքով շարժումներ անել»,- պատմեց Հայրիկյանը՝ նշելով, որ միաժամանակ գոռացել է՝ օգնեցե՜ք: Դրանից հետո նա լսել է իր հարևանների գոռոցն ու երկրորդ կրակոցի ձայնը: Դրանից հետո բարձրացել է աստիճաններով, որից հետո ժամանել է շտապօգնությունը:
Հայրիկյանը դատարանի դահլիճում մատնացույց արեց ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանին՝ նշելով, որ նա է կրակել իր վրա: Պարույր Հայրիկյանն անդրադարձավ նաև իր այն խոսքերին, որ իր վրա սլավոնական արտաքինով մի մարդ է կրակել: Նա նշեց, որ դեպքից 3 օր առաջ իրենց շենքում մի երիտասարդի է տեսել, ու իրեն զարմացրել է, որ այդ եվրոպական արտաքինով երիտասարդն աստիճաններով բարձրանալիս իրեն չի բարևել. «Ընդհանրապես մեր հարևանների մոտ ընդունված է, որ բոլորն իրար բարևում են: Հետագայում ինձ թվում էր, որ այդ կրակողը և երիտասարդը նույն մարդն են, որովհետև նա էլ կասկածելի եկավ ու անցավ, բայց քննությունն ինչպես պարզել է, այդ երիտասարդը, ով որ նա եղել է, ասում են՝ կապ չի ունեցել»: Պարույր Հայրիկյանն իր վրա կատարված մահափորձը քաղաքական նկատառումներով կատարված արարք որակեց: Պարույր Հայրիկյանը դատարանում հայտարարեց, որ ուրախ է ամբաստանյալի համար, որ սպանությունը չկայացավ, որպեսզի վերջինս այդ ծանր մեղքն իր վրա չվերցներ: Նա նշեց, որ վախեցնելու համար մեկ կրակոցը լիովին բավարար էր:
Պարույր Հայրիկյանը, պատասխանելով գործով մեղադրյալ Խաչատուր Պողոսյանի հարցին, ասաց, որ իր և ամբաստանյալի միջև որևէ խոսակցություն չի եղել. «Ես գոռում եմ՝ օգնեցե´ք, և այդ պահին ինքը կրակում է՝ առանց որևէ բառ ասելու՝ պրոֆեսիոնալ մարդասպանին վայել հանդարտությամբ»: Ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանն ասաց, որ եթե ինքը սպանության միտք ունենար, ինքը մի քանի անգամ կկրակեր Պարույր Հայրիկյանի վրա այն ժամանակ, երբ նա առաջին կրակոցից հետո ձեռքերը դրել է ետևում և հենվել մեքենային: Պարույր Հայրիկյանն էլ ի պատասխան՝ ասաց. «Ես շատ եմ ցավում, Խաչատո՛ւր, Ձեզ համար: Դուք կարող է՝ չեք ուզեցել սպանել, բայց արել եք մի բան, որ անում են միայն սպանել կամեցողները. մոտիկ տարածությունից մարդու կրծքին կրակողը, ոչ Ձեր տարիքի՝ 17 տարեկան երիտասարդը Հրանտ Դինքին Ձեզնից ավելի հեռու տարածությունից կրակել է ու սպանել: Դրան գնահատական տվողը ես չեմ: Իմ մասնավոր ընկալումը ոչ մի նշանակություն չունի: Կան փորձագետներ, կա միջազգային փորձ. Այդ տարածությունից այդ զենքով մարդու կրծքին կրակելը նշանակում է՝ նրան սպանել: Ձեր բախտը բերել է, որ դա դարձել է փորձ»:
«Ուղղակի մտածեք՝ Աֆղանստան կռված տղեն չէր կարա 60 սանտիմետրից կամ 1 մետր վրիպել»,- հակադարձեց ամբաստանյալ Պողոսյանը, որին ի պատասխան՝ Պարույր Հայրիկյանն ասաց. «Դուք չեք վրիպել: Ձեզ համար եմ ասում սա: Ուղղակի ասեմ, որ փամփուշտը դիպել է այնտեղ, որտեղ ստացված փամփուշտից մարդը պիտի մահանար: Իմ բախտը բերել է, Ձերն էլ հետը, այլապես Ձեզ ավելի լուրջ պատիժ կսպառնար, որը ոչ մեկիս համար ցանկալի չէ: Ընդհանրապես ես, հասկանալով, թե ինչու է այս ամենն արվել, շատ եմ ցավում, որ այս անգամ էլ ստացվեց մեր հակառակորդներին՝ հայերի միջոցով հայի հարց փորձել լուծել, ու վերջում էլ հայ մարդը հայտնվի դատարանում: Ինձ համար ամենացավալին դա է, փոխանակ՝ մենք միասին մտածենք ավելի լավ հայրենիք ունենալու մասին»:
Դատական նիստի ավարտից հետո Պարույր Հայրիկյանն ասաց, որ ուրախ կլինի, երբ բոլորն ազատության մեջ լինեն: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 13-ին: Դատարանն այդ դատական նիստում կսկսի գործով ապացույցների հետազոտումը: