Ահաբեկիչները կարող են խոշոր ահաբեկչություններ իրականացնել Սոչիի օլիմպիական խաղերի ժամանակ. The Washington Post
Ամերիկյան The Washington Post թերթի փոխանցմամբ՝ 2014 թվականին Սոչիում տեղի են ունենալու ձմեռային Օլիմպիական XXII խաղերը: Այնտեղ պահպանվում է ահաբեկչական սպառնալիքը՝ չնայած Ռուսաստանի իշխանությունների գործադրած միջոցներին:
Ռուս չինովնիկները միջազգային հանրությանը վստահեցնում են, որ Սոչիի Օլիմպիական խաղերը կլինեն «Օլիմպիական խաղերի պատմության մեջ ամենաանվտանգը», սակայն հետախուզական տվյալների վերլուծությամբ զբաղվող փորձագետները հայտարարել են, որ ռուսական իշխանությունների հանգիստը կարող են խաթարել Հյուսիսային Կովկասի արմատական իսլամիստները:
Թերթն ընգդծում է, որ չնայած այդ շրջանում տեղակայվելու են տասնյակ հազարավոր զինվորներ, ոստիկաններ ու պահապաններ, որոնք հագեցված կլինեն բարձր տեխնոլոգիական սարքերով, ահաբեկիչները կարող են առանց դժվարության սպառնալիքի տակ դնել նախագահ Վլադիմիր Պուտինի յուրաքանչյուր նախագիծ:
Թերթն ուշադրություն է հրավիրում նրա վրա, որ Օլիմպիական խաղերը գործնականում անցկացվելու են ապստամբական գործուենության հարևանությամբ: Վերլուծաբանները վստահ են, որ անգամ սահմանափակ ռեսուրսների առկայության դեպքում ահաբեկիչները կարող են խոշորամասշտաբ ահաբեկչություններ իրականացնել Սոչիում:
Հիշեցնենք, որ մայիսի վերջերին ՌԴ ՆԳՆ-ը հայտարարեց, որ Սոչիի օլիմպիական խաղերի անվտանգությունն ապահովելու է 30.000 ոստիկան և Ներքին զորքերի զինծառայող:
Ի դեպ, նույն ժամանակահատվածում Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն հայտարարեց, որ Վրաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ համագործակցել Սոչիի Օլիմպիական խաղերի անվտանգության ապահովման շուրջ: