ԱՄՆ-ը համակարծիք չէ Իրանի վերաբերյալ Պուտինի հայտարարության հետ
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը համաձայն չէ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարության հետ, որ Իրանը դե-ֆակտո պահպանում է զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) չտարածման ոլորտում ստանձնած պարտավորությունները:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյ Քարնին. «Ես տեղյակ չեմ Ռուսաստանի նախագահի մեկնաբանությունների մասին, որոնց մասին դուք հիշատակեցիք, սակայն Իրանը չի կատարել միջազգային օրենքներով իր պարտավորությունները, որպեսզի ապացուցի, որ միջուկային տեխնոլոգիաներ ձեռք բերելու իր մտադրությունը հետապնդում է խաղաղ նպատակներ:
Կան բազմաթիվ տվյալներ, որոնք վկայում են հակառակի մասին: Մենք մեր դաշնակիցների հետ ներառված ենք գործընթացում, որը Թեհրանի վարչակարգին կհարկադրի փոխել իր պահվածքը: Որպես այդ գործընթացի մաս՝ սահմանվել է ամենակոշտ պատժամիջոցների ռեժիմներից մեկը»: