Արտասահմանյան այցերի ժամանակ Վրաստանի նախագահին կուղեկցի փոխարտգործնախարարներից մեկը
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն երեկ հայտարարել է, որ գումարվելու է Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) հատուկ նիստ՝ կապված Վրաստանի դեսպանների հետ: Փանջիկիձեն ընդգծել է, որ նիստում առաջ է քաշել այն հարցը, թե ինչու Վրաստանի նախագահը չի հաստատում ԱԳՆ-ի ներկայացրած մարդկանց:
Նա հիշեցրել է, որ աշխարհի առաջատար այնպիսի երկրներում, ինչպիսիք են Գերմանիան ու Մեծ Բրիտանիան, Վրաստանը չունի դեսպաններ, ինչի պատճառն այն է, որ Միխեիլ Սաակաշվիլին հրաժարվում է նրանց ներկայացնել խորհրդարանին, ինչպես որ նախատեսված է օրենքով:
Փանջիկիձեն հավելել է, որ իրենք պայմանավորվածություն են ձեռք բերել, որ Վրաստանի նախագահի բոլոր արտասահմանյան այցերի ժամանակ նրան ուղեկցելու է փոխարտգործնախարարներից մեկը. «Դա կբարելավի ԱԳՆ-ի ու նախագահի աշխատակազմի միջև գործողությունների կոորդինացիան և միջազգային արենայում մեր համատեղ ջանքերը»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ վրացական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր յուրաքանչյուր արտասահմանյան այցը համաձայնեցնելու է կառավարության հետ: