
«Եթե իմ տան վրա գային՝ ավելի վատ կլիներ». Սեյրան Սարոյան

«Տուժողը ջահել տղա ա, չի կարելի էդքան շահարկել, թշնամություն եք մտցնում»,- լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությանը ներկա ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը` անդրադառնալով Սյունիքում նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան բակում տեղի ունեցած արյունալի կրակոցներին: Պատգամավորը հավաստիացրեց, թե դեպքից հետո Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին չի տեսել, նրա հետ չի զրուցել: «Որ տեսնեմ՝ անպայման կսփոփեմ, որովհետև լավ բան չի եղել: Բայց շատ մի բզբզեք, մի բզբզեք` թշնամություն եք մտցնում»,- ասաց նա: Ինչ վերաբերում է դեպքի մեղավորներին, ապա Սեյրան Սարոյանն ասաց. «Մեղավոր է, ով որ տան վրա ա գնացել: Դե հիմա զինված հարձակում էր, ինչ էր, մեղավոր է նա, ով տան վրա է գնացել՝ զինվորական կլինի, մինիստր կլինի»: Դիտարկմանը, թե գուցե նախապատմություն կա, որ «տան վրա են գնացել», պատգամավորը պատասխանեց. «Կապ չունի: Տան վրա չի կարելի գնալ: Եթե իմ տան վրա գային՝ ավելի վատ կլիներ»:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի