«Երևանի քաղաքապետարանը զերծ չի եղել ատկատների մեխանիզմից». Ս. Սաֆարյան

«Արդեն 2 տարի է՝ Երևանի թիվ 1 մանկապարտեզը փակված է, իբրև թե պիտի վերանորոգվի, բայց մինչ օրս որևէ քայլ չի արվել, և այնքան երեխա, որ կարող էր այդ մանկապարտեզն ընդունել, այդքան երեխա մեկ ուրիշ տեղ է կամ ընդհանրապես մանկապարտեզ չի գնում, որի արդյունքում այդպիսի գերխիտ վիճակ է: Եվ մի փաստ էլ՝ Արցախ 14 հասցեում թիվ 54 մանկապարտեզը, որը Կենտորոնական ընտրական հանձնաժողովի տեղեկանքներում գրված է որպես ընտրատեղամաս, պարզվում է՝ ինչ-որ ժամանակ արդեն սեփականաշնորհվել է: Այնտեղ մանկապարտեզ չէ, բայց մինչ օրս այնտեղ 11 ընտրատեղամասն է թիվ 54 մանկապարտեզում, բայց մանկապարտեզը գոյություն չունի: Այդ մանկապարտեզը սեփականաշնորհված է, և սեփականատերը վարձով է տալիս այդ սենյակը որպես ընտրատեղամաս պետությանը»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Բարև Երևան» դաշինքի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը:

Ավագանու մեկ այլ անդամ Ստյոպա Սաֆարյանն էլ ասաց, որ առաջարկելու է վերջին տարիների Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հաստատություններում պետական գնումների օրինականության հարցերը. «Երևանի քաղաքապետարանը զերծ չի եղել ատկատների մեխանիզմից: Դրա մասին խոսել են տարբեր ուսումնասիրություններ, այս թվում և վերահսկիչ պալատի ուսումնասիրությունները»:

Ժողովրդավարական ուղի կուսակցության անդամ Արթուր Գասպարյանը նշեց, որ Երևանի իրավական խնդիրների 80 տոկոսն առաջացել է Երվանդ Զախարյանի քաղաքապետության օրոք. «80 տոկոս կաշառակերությունն ու օրենքի խախտումները սկսվել են իր քաղաքապետության օրոք: Ես ամենևին չեմ ցանականում իր անվան հետ կապել, երևի ժամանակն էր այդպես, բայց, այնուամենայնիվ, սկսվել է այն ժամանակ, և շարունակվում է մինչ օրս»:

Անդրադառնալով քաղաքապետարանի կողմից հանրապետության հրապարակի հայեցակարգային մրցույթ հայտարարելուն՝ Անահիտ Բախշյանն ասաց, որ «Բարև Երևան» խմբակցության փորձագետն այս պահին ուսումնասիրում է մրցույթի օրինականության հարցը:

Տեսանյութեր

Լրահոս