«Բարև Երևանը» չի ճանաչում քաղաքապետ Տարոն Մարգարյանի լեգիտիմությունը

«Երևանի քաղաքապետի երդմնակալությանը չմասնակցելը հերթական անգամ մեր վերաբերմունքի դրսևորման արտահայտությունն է ի նշան Երևանի ավագանու կեղծված ընտրությունների»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Բարև Երևան» դաշինքի` Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը: Նույն դաշինքի ավագանու անդամ Ստյոպա Սաֆարյանն էլ ասաց, որ դաշինքը չի ճանաչում քաղաքապետ Տարոն Մարգարյանի լեգիտիմությունը:

«Մենք չենք կարող ճանաչել մի ընտրությունների օրինականությունը, եթե կոնկրետ «Բարև Երևան» դաշինքն ընդհանուր առմամբ ոստիկանություն է ուղարկել հարյուրավոր խախտումների վերաբերյալ արձանագրություններ և գրանցամատյանում կատարված գրառումներ, և այնպիսի ընտրությունները, որոնց ընթացքը մթագնել են արդյունքների վրա ազդելու ունակ լուրջ խախտումներով, այդպիսի ընտրությունները չեն կարող օրինական ճանաչվել»,- ասաց նա: Միևնույն ժամանակ Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ իրենք անելու են այն՚ ինչ իրենց թույլ է տալիս 6 մանդատը: Վերջինիս խոսքով՝ դա քիչ չի լինի որոշակի փոփոխություններ անելու համար:

Ավագանու անդամ Դավիթ Սանասարյանը հույս հայտնեց, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը կշարունակի նախընտրական շրջանի նման ընդդիմադիր կեցվածքով հանդես գալ և կփորձի համագործակցության եզրեր գտնել իրենց հետ: Անահիտ Բախշյանն էլ ասաց, որ ինքը նման հույս չունի: Հարցին՝ արդյոք ավագանիում «Բարև Երևան» դաշինքի անդամներն իրենց միայնակ չեն զգում, Անահիտ Բախշյանը պատասխանեց. «Մեզ ոչ մեկը չի կաշկանդում, եթե կա մի խնդիր, որի քվեարկության հետ կապված տեսնում ենք՝ եթե Բարգավաճը մեզ հետ միանա, մենք լուրջ բան ենք դառնում, ապա կմոտենանք և շատ բարեկամաբար իրենց կհիշեցնենք՝ Դուք նախաընտրական քարոզչության ժամանակ Հռոմի պապից էլ ավելի կաթոլիկ ընդդիմադիր էիք: Դե եկե´ք, մեկ-մեկ մեր Երևանն էլ զգա դա, եկե´ք միասին այսինչ բանի դեմ քվեարկենք»: Անահիտ Բախշյանն ասաց նաև, որ կարող է՝ գնան և Հանրապետական կուսակցության անդամներին էլ համոզեն դեմ քվեարկել: Ստյոպա Սաֆարյանն էլ ասաց, որ այն ըմբոստությամբ, որով Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամները վերաբերում էին ընտրություններին և դրանց արդյուքներին, անհասկանալի է դարձնում նրանց պահվածքը Երևանի ավագանու առաջին նիստում. «Դա, ներեցեք, միայն էթիկայի հետ առնչվող խնդիր չէ: Դա նաև սերտության, մերձության դրսևորում է, և պատահական չէր, որ ամբողջ նախընտարական քարոզարշավի ընթացքում Հանրապետական կուսակցությունն իրեն բնորոշ ցինիզմով ուղղակի շեշտում էր մշտապես՝ մի´ խառնվեք, մենք իրար հետ լավ ենք աշխատել՝ Բարգավաճի ավագանու անդամների հետ մենք շատ լավ համագործակցել ենք, մենք ոչ մի տարաձայնություն չենք ունեցել, ոչ մի դեմ քվեարկություն չի եղել, և դրան Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամները չէին էլ հակադարձում, այսինքն՝ ոչ միայն նախորդ 4 տարիների խնդիրները, այլ նաև ավելի շատ տեսանելի է, որ մենք հերթական անգամ Երևանի ավագանում լինելու ենք միայնակ»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս