Ադրբեջանական SOCAR-ը հայտնել է, թե որ դեպքում գազ կվաճառի Հայաստանին

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերությունը (SOCAR) հայտարարություն է տարածել՝ կապված Հայաստանին ադրբեջանական գազ վաճառելու հնարավորության հետ:

Հայտարարության մեջ խոսք է գնում ԵՄ-ի համար մեծ կարևորություն ներկայացնող «Հարավային գազային միջանցքի» նախագծի իրագործման մեջ Ադրբեջանի դերակատարության մասին:

Բացի այդ, նշված է, որ «Շահ Դենիզ» կոնսորցիումը մոտ է Եվրոպային գազ արտահանելու հարցում երկու երթուղիներից (Nabucco West և TAP) վերջնական ընտրություն կատարելուն, որով և ադրբեջանական գազն առաջին անգամ կհայտնվի Եվրոպայում:
Հայտարարության մեջ խոսք է գնում Ղարաբաղյան պատերազմի հետևանքների մասին.

«Ադրբեջանը քանիցս հայտարարել է, որ եթե Հայաստանը փոխի իր դիրքորոշումը՝ կապված օկուպացված տարածքների հետ, աջակցի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորմանը, ապա նա կներգրավվի տարածաշրջանային ու գլոբալ նշանակության էներգետիկ նախագծերի իրագործման մեջ:

Եթե Հայաստանը կատարի այդ պայմանները և գազի մատակարարման հարցով դիմի Ադրբեջանին, ապա այդ հարցը կարող է դիտարկվել»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ադրբեջանական ANS հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևը տեղական ԶԼՄ-ների բնորոշմամբ սենսացիոն հայտարարություն էր արել.

«Ադրբեջանը կարող է գազ մատակարարել Հայաստանին: Եթե Հայաստանը գազի հարցում օգնության խնդրանքով դիմի մեզ, ապա անկասկած է, որ մենք նրանց կօգնենք գազային հարցում: Ադրբեջանը գիտակցում է իր տարածաշրջանային դերը»:

Տեսանյութեր

Լրահոս