
Էրդողանը վաղը կհանդիպի ցուցարարների ներկայացուցիչների հետ

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը վաղը հանդիպելու է Ստամբուլի «Թաքսիմ» հրապարակում բողոքի ակցիայի դուրս եկածների ներկայացուցիչների հետ:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը: Վերջինս թվարկել է, թե Էրդողանը կոնկրետ ում հետ է հանդիպելու, քանի որ ցուցարարների ներկայացուցիչները շատ բազմազան են՝ ճարտարապետ, ուսանող, ակադեմիկոս, լրագրող, արվեստագետ:
Նշվում է, որ Ստամբուլում ոստիկանությունը փակել է դեպի «Թաքսիմ» տանող ճանապարհները: Ներկայումս այդ հրապարակում դեռ շարունակում են իրենց բողոքի ակցիան մի շարք խմբեր: Էրդողանը պլանավորել է հունիսի 15-ին հանդես գալ Անկարայում անցկացվելիք և հունիսի 16-ին Ստամբուլում անցկացվելիք հանրահավաքներում:
Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ, որ ցուցարարները մեղմացրել են կառավարությանը ներկայացրած իրենց պահանջները: