
Թուրք ցուցարարները մեղմացրել են կառավարությանը ներկայացրած իրենց պահանջները

Թուրքական Hürriyet Daily News թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում բողոքավոր շարժումը ներկայացնող «Թաքսիմի համերաշխության հարթակ» կազմակերպությունը կառավարությանը կոչ է արել «Գեզի» այգին բացառել շինարարական ամեն տիպի պլաններից:
Այս մասին նշված է կազմակերպության այսօր տարածած հայտարարության մեջ: Դրանում առաջ են քաշվել առավել մեղմ պահանջներ, քանի որ նախկին պահանջներում խոսք էր գնում ոստիկանության կոշտ գործողությունների համար բոլոր պատասխանատուների, այդ թվում նաև Ստամբուլի նահանգապետի հրաժարականի մասին:
Միևնույն ժամանակ հայտարարության մեջ շարունակվում է «Գեզի» այգին ներկայիս տեսքով պահպանելու մասին պնդումը: Հայտարարությունում կոչ է արվում հետաքննել ոստիկանական բռնությունների դեպքերը:
Կազմակերպության նախորդ հայտարարության մեջ պահանջվել էր նաև պահպանել Աթաթուրքի մշակույթի կենտրոնը, արգելել արցունքաբեր գազի կիրառումը, ինչպես նաև վերացնել ազատ արտահայտվելու բոլոր սահմանափակումները:
Հիշեցնենք, որ թուրք ցուցարարները սրանից առաջ կառավարությանը ներկայացրել էին 7 պահանջ: