«Փակ շուկայի» շինարարությունը շարունակվում է (տեսանյութ)
Այսօր 168.am-ի նկարահանող խումբն այցելեց Երևանի Փակ շուկա: Արդեն տեղեկացրել էինք, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցների կողմից ապամոնտաժման աշխատանքներ են իրականացվել տվյալ տարածքում: Աշխատանքներն իրականացվել են Փակ շուկայի տանիքի ծավալից դուրս բազմահարկ շինություն կառուցելը կանխելու նպատակով: Ապամոնտաժվել են շուկայի տարածածավալական չափերի խախտումով տեղադրված բետոնե հենասյուները:
Ինչպես մեզ հետ զրույցում նշեց այս պահին ընթացող շինարարության աշխղեկը, այսօր և առաջիկա օրերին նույնպես կիրականացվեն ապամոնտաժման աշխատանքներ: Վերջինիս խոսքով` Փակ շուկայի շինարարական աշխատանքներին մասնակցում է 45-50 մարդ: Ըստ նրա` ներքին հարդարման աշխատանքները գրեթե ավարտված են: Մեր զրուցակիցը հայտնեց նաև, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հաճախակի չի լինում իրենց մոտ, սակայն երբեմն այցելում է և հետևում շինարարության ընթացքին: Աշխեկը մեզ վստահեցրեց, որ շուկայի տեսքն ամբողջությամբ պահպանվելու է:
Մեզ թույլատրեցին նկարահանել շինարարության ընթացքը, սակայն հրաժարվեցին ներս թողնել՝ նշելով, որ Սամվել Ալեքսանյանին հարցնելուց հետո միայն կարող են թույլատրել ներսում նկարահանումներ իրականացնել:
Մանրամասները` տեսանյութում: