
Իրանն Իսրայելի վրա հարձակվում է կիբեր տիրույթում. Նեթանյահու

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելը վերջին ամիսներին բախվել է Իրանի կողմից կիբեր հարձակումների քանակի «մահացու աճի» հետ, որոնց մեծ մասը հաջողվել է չեզոքացնել: Այս մասին համակարգչային անվտանգության կոնֆերանսում հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:
Վերջինիս խոսքերով՝ օտարազգի ցանցահենների իրական կամ պոտենցիալ թիրախում են գտնվել երկրի կենսական կարևորություն ունեցող բոլոր ենթակառուցվածքային համակարգերը՝ էներգո և ջրամատակարարումը, բանկերն ու երկաթուղային տրանսպորտը.
«Վերջին ամիսներին մենք նկատում ենք Իրանի ու նրա խամաճիկներ «Հզբոլլահի» (լիբանանյան շարժում) և ՀԱՄԱՍ-ի (պաղեստինյան շարժում) կողմից կիբեր հարձակումների քանակի կտրուկ աճ: Նրանց թիրախը կենսական նշանակության ենթակառուցվածքներն են, իսկ հարձակումների քանակն ու հզորությունն ավելանում է տեխնոլոգիական աճին զուգահեռ:
Իսրայելն ունակ է արդյունավետորեն դիմակայել նմանատիպ սպառնալիքներին: Մենք առաջադեմ պետություն ենք կիբեր տեխնոլոգիաների ոլորտում, (ինչի համար էլ) դուք գրեթե ոչինչ չեք լսել մեր դեմ իրականացված բազմաթիվ կիբեր հարձակումների մասին»: