«Ամեն ինչ շատ ավելի վատ է լինելու, քան պատկերացնում ենք». Վահագն Խաչատրյան
Galatv.am-ի լրագրողի հետ զրույցում գազի թանկացմանը զուգահեռ սպասվող շղթայական թանկացումների մասին է խոսել ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
«Ամեն ինչ շատ ավելի վատ է լինելու, քան պատկերացնում ենք: Գազի թանկացումը բնակչության կենսամակարդակի, արտագաղթի վրա խիստ բացասական ազդեցություն կթողնի»:
Տնտեսագետը նշել է, որ որոշակի հավասարակշռված իրավիճակ էր ստեղծվել բոլորի համար, այդ թվում՝ բիզնեսի ու քաղաքացիների համար, որը, կարծես թե, բավարարում էր: «Առանց այն էլ մեր մոտ էներգետիկ կոմպոնենտը ընդհանուր արտադրվող արտադրանքի և մեր կենցաղում բավականին մեծ է, հատկապես ձմռան ամիսներին: Երբ որ նայում ենք գազի և էլեկտրաէներգիայի օգտագործման բալանսին, տեսնում ենք, որ տարբերությունը մոտ երկու անգամ կմեծանա»:
Վահագն Խաչատրյանն ընդգծել է, որ ձմռանը ազգաբնակչությունը մոտ երկու անգամ ավել է էլեկտրաէներգիա օգտագործում, քան ամռանը:
«Փաստորեն մեզ մոտ ստացվում է, որ էներգետիկ համակարգը, որի մեջ մտնում են և՛ գազը, և՛ հոսանքը, ավելի շատ պահվում է քաղաքացիների սպառման հաշվին: Մարդիկ հիմա կամ պետք է քիչ սպառեն, կամ այլընտրանք գտնեն: Այլընտրանքը փայտն է կամ աթարը, ինչպես սիրում են որոշ մարդիկ օգտագործել, բայց դա ոչ քաղաքային միջավայրին ընդունելի վառելիք է: Մենք և՛ բնությանը վնաս կտանք, և՛ ժողովրդի կենսամակարդակին: Երբ սկսենք քննարկել, մտածել, թե ո՞նց եղավ, արդեն շատ ուշ կլինի»,- ասել է պարոն Խաչատրյանը: