Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը հերքել է Էրդողանի հայտարարությունը
Թուրքական Hürriyet Daily News թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը երեկ հերքել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հայտարարությունը՝ կապված ԱՄՆ-ում Occupy Wall Street (OWS) շարժման ժամանակ զոհվածների քանակի հետ:
Դեսպանատունը Twitter-ում իր պաշտոնական էջի վրա հայտարարություն է հրապարակել, որում ընդգծել է, որ ԱՄՆ-ում OWS շարժման հետ կապված հաղորդագրությունները ճիշտ չեն: Դրանում ասվում է, որ OWS-ի ժամանակ ոստիկանության գործողությունների հետևանքով չեն գրանցվել զոհեր:
Այս հայտարարությունն արվել է Էրդողանի այն հայտարարությունից 1 ժամ անց, որ 2011 թվականին 17 ակտիվիստ է սպանվել OWS-ի ժամանակ. «Նրանք, ովքեր փորձում են դասախոսություն կարդալ մեզ, պետք է հիշեն, թե իրենք ինչ են արել Ուոլ սթրիթում: Այնտեղ կիրառվել է արցունքաբեր գազ, զոհվել էր 17 մարդ: Ինչպիսի՞ն է եղել դրա արձագանքը»: