
Բնակարանից զրկված բնակիչները` Դավիթ Հարությունյանին. «Մեզ ասել են, որ դուք էլ եք փայատեր» (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ կուսակցության գործադիր մարմնի նիստը, որի ժամանակ գրասենյակի դիմաց մի խումբ քաղաքացիներ կազմակերպել էին բողոքի ակցիա: Մի քանի տասնյակ բնակիչներ` հիմնականում կանայք, եկել էին ՀՀԿ ղեկավար և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու և նրան իրենց բողոքը ներկայացնելու նպատակով: Պարզվեց, որ նրանք Հանրապետություն փողոցի 33 շենքի բնակիչներն են, ովքեր 2007 թ. զրկվել են իրենց բնակարաններից, պայմանագիր են ստորագրել կառուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերության հետ, սակայն վերջինս չի կատարել իր պարտականությունները, և բնակիչները մինչ օրս վարձով են բնակվում:
Հուսահատված բնակիչները լրագրողներին տեղեկացրին, որ արդեն շուրջ 6 ամիս դիմում են բոլոր պատկան մարմիններին, սակայն նրանց ամենուրեք պատասխանում են «էսօր, էգուց» սկզբունքով:
Հուսահատության եզրին հասած բնակիչները հայտարարեցին, որ կդիմեն ցանկացած քայլի` արդարության հասնելու համար, իսկ կանանցից մեկը` տիկին Լաուրան, ասաց. «Մենք ամենավերջին բաներն էլ անելու ենք, կանանցով Հանրապետության հրապարակն ենք փակելու, որ սենց մարդկանց ոտնահարում են, մենք էլ իրենց վաղվանից կոտնահարենք»:
ՀՀԿ ԳՄ նիստն ի վերջո ավարտվեց, և գրասենյակի գլխավոր մուտքից դուրս եկան մի քանի նախարարներ և պատգամավորներ, որոնցից մի քանիսը գնացին բողոքող քաղաքացիներին ընդհառաջ:
Մասնավորապես, նրանց մոտեցավ ՀՀ արդարադատության նախկին նախարար, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանը, ում կանայք միանգամից ներկայացրեցին կոնկրետ մեղադրանք` «Գլենդել Հիլզի» փայատեր լինելու մեջ:
«Մենք 32 թաղամասի ժողովուրդն ենք, որի սեփականատերերից մեկը դուք եք, այո´, դուք եք, չհերքեք: Մեզ ասել են, որ դուք էլ եք փայատեր»,- Դավիթ Հարությունյանին ասացին բողոքող կանայք:
«Հրաշալի է, հիմա ի՞նչ ասեմ ձեզ, եթե ես որևէ տեղեկություն ունենայի, ես անպայման ձեզ կասեի, բայց ես, ցավոք սրտի, որևէ տեղեկություն չունեմ»,- սիրալիր կերպով պատասխանեց Դավիթ Հարությունյանը` նրանց հորդորելով թյուրիմացության մեջ չընկնել:
«Հերիք է իսկականից, ապահով Հայաստան եք ուզում, տվե´ք մեր տները, ինչքան կարելի է մարդկանց խաբել»,- վրդովված ասաց տիկին Լաուրան:
Սրան արձագանքեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` հարցնելով. «հասկանում եմ, ո՞վ է խլել ձեր տները»: Է. Շարմազանովին տեղեկացրին, որ խոսքը «Գլենդել Հիլզի» մասին է: Հաջորդիվ նմանատիպ խոսակցություն եղավ նաև ԱԺ փոխնախագահ Է. Շարմազանովի հետ, ով քաղաքացիներին ասաց, որ հասկանում է, որ իրենց նկատմամբ անարդարություն է տեղի ունեցել, նշեց, որ իրավասու չէ զբաղվելու այդ խնդրով, սակայն պատրաստակամություն հայտնեց երկուշաբթի օրը ԱԺ-ում ընդունել բնակիչներից երկուսին և լսել նրանց:
Ավելացնենք, որ Հանրապետություն փողոցի բնակիչներին, ում շրջապատել էին նրանց թիվը գերազանցող ոստիկանները, այդպես էլ չհաջողվեց տեսնել Սերժ Սարգսյանին, սակայն իրենց տներից զրկված բնակիչները ամեն դեպքում բացականչություններով արտահայտեցին իրենց կարծիքը իշխանավորների մասին`«թալանչիներ, սրիկաներ»:
Տեսանյունթն ու լուսանկարը՝ ԳԱԼԱ-ի