Բաժիններ՝

Նախագահին հանդիպելու եկած բնակիչները խոստանում են փակել Հանրապետության հրապարակը

Քիչ առաջ ՀՀԿ կենտրոնական գրասենյակ ժամանեց Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը՝ մասնակցելու ՀՀԿ ԳՄ նիստին։ Նախագահին ՀՀԿ գրասենյակի  առջև սպասում էին մի խումբ քաղաքացիներ։ Ինչպես պարզվեց, նրանք Հանրապետություն 33 հասցեի բնակիչներն էին, որոնց տները քանդել են և ոչ մի փոխհատուցում չեն ստացել։ Բնակիչները ՀՀԿ գրասենյակ էին եկել բողոքի իրենց խոսքը նախագահին  հասցնելու համար։

Սակայն Սերժ Սարգսյանին տեսնել նրանց չհաջողվեց, քանի որ նախագահը կուսակցության գրասենյակ մտավ ետնամուտքից։ Հավաքվածները, որոնք հիմնականում կանայք էին, պատմեցին, որ դիմել են բոլոր պատկան մարմիններին, այդ թվում՝ ֆինանսների նախարարությանը, սակայն պատասխան չեն ստացել։

Քաղաքացիներից մեկը, ով ներկայացավ որպես Լաուրա, ասաց.

«Մեր տները, ով գիտի, վերցրել դրել են բանկերը, մոստ են սարքում։ Թող մեր տները սարքեն տան մեզ»։ Հուսահատված կինը կատարեց ծայրահեղ հայտարարություն՝ ասելով. «Մենք ամենավերջին բաներն էլ անելու ենք, համ Հանրապետության հրապարակն ենք փակելու, որ սենց մարդկանց ոտնահարում են, մենք էլ իրենց վաղվանից կոտնահարենք»։

Կանայք նաև ասացին, որ այս պատմությունը շարունակվում է 7 տարի, իսկ կառուցապատող ընկերությունը «Գլենդել Հիլզն» է։

Բողոքի ակցիան այս պահին՝ 19։40-ի դրությամբ դեռ շարունակվում է՝ մի խումբ ոստիկանների և թիկնապահների զգոն հայացքի ներքո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս