
Դիլիջանի միջազգային դպրոցին հարկային և մաքսային արտոնություններ կտան

Ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանի նախաձեռնած «Դիլիջանի միջազգային դպրոցի» ծրագիրը կյանքի կոչելու համար հարկային և մաքսային արտոնություններ են անհրաժեշտ: Դրանք տրամադրելու համար ՀՀ կառավարությունն օրինագիծ է մշակել և «անհետաձգելի» ձևակերպմամբ ներկայացրել խորհրդարան: Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը, որ Դիլիջան քաղաքում նախատեսվում է կառուցել և շահագործել միջազգային ստանդարտներին համապատասխան դպրոց:
Ամբողջ ծրագրի արժեքը գնահատվում է շուրջ 550 մլն ԱՄՆ դոլար, որից 150 մլն ԱՄՆ դոլարը նախատեսվում է ներդնել շենքի կառուցման և անհրաժեշտ գույքային միջոցների ձեռքբերման, իսկ շուրջ 400 մլն ԱՄՆ դոլարը` գործառնական ծախսերի ու դպրոցի հետագա զարգացման նպատակով: Ծրագրի շրջանակներում արդեն իսկ ներդրվել է 20 մլն ԱՄՆ դոլար:
Նախագծի ընդունման համար որպես հիմնավորում նշվում է, որ դրա արդյունքում «ակնկալվում է նպաստել միջազգային չափանիշներին համապատասխան կրթահամալիրի կառուցման և շահագործման աշխատանքներին, որն իր հերթին կնպաստի տարածաշրջանում նոր աշխատատեղերի ստեղծմանը, գործազրկության մակարդակի կրճատմանը, զբոսաշրջության զարգացմանը»:
Հանձնաժողովը որոշեց առաջարկել Ազգային ժողովին կառավարության կողմից անհետաձգելի համարվող այս նախագծի երկրորդ ընթերցումը կազմակերպել առաջին ընթերցումից հետո 24 ժամվա ընթացքում: