
Հուլիսի 1-ից գազի և էլեկտրաէներգիայի համար ավելի թանկ ենք վճարելու. ՀԾԿՀ-ն հաստատեց սակագները

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն, այսօրվա՝ հունիսի 7-ի նիստում հաստատել է գազի նոր սակագները: Ինչպես արդեն նշել ենք, ամսական մինչև 10 հազար խմ գազ օգտագործող բաժանորդների համար 1 խմ գազի սակագինը կլինի 156 դրամի (նախկին 132 դրամի փոխարեն), իսկ 10 հազարից ավելի սպառողների համար 1000 խմ-ի արժեքը 243 դոլարից դարձավ 276.98 դոլար։
Այսպիսով՝ բնակչության համար գազը թանկանում է 18.1%-ով, իսկ խոշոր սպառողների համար՝ 13.9%-ով։
Վերոնշյալ բոլոր սակագները ներառում են ավելացված արժեքի հարկը և ուժի մեջ կմտնեն հուլիսի 1-ից:
Ինչ վերաբերում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիային, ապա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել է հետևյալ սակագները.
1) 35 կՎ և բարձր լարմամբ սնվող սպառողների համար` ցերեկային սակագին` 29 դրամ/կՎտժ, գիշերային սակագին` 25 դրամ/կՎտժ.
2) 6 (10) կՎ լարմամբ սնվող սպառողների համար` ցերեկային սակագին` 35 դրամ/կՎտժ, գիշերային սակագին` 25 դրամ/կՎտժ.
3) 0,38 կՎ լարմամբ սնվող սպառողների (այդ թվում` բնակչության) համար` ցերեկային սակագին` 38 դրամ/կՎտժ, գիշերային սակագին` 28 դրամ/կՎտժ:
Էլեկտրաէներգիայի սակագները ուժի մեջ կմտնեն հուլիսի 7-ից: