
Արա Դոլունցը՝ Սյունիքի մարզպետի պաշտոնակատար

168.am-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզ է մեկնել Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, ով պետք է ներկայացնի վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշումը Սյունիքի մարզպետի տեղակալ Արա Դոլունցին Սյունիքի մարզպետի պաշտոնակատար նշանակելու մասին:
Ի՞նչ է նշանակում՝ Սյունիքում ոչ թե մարզպետ, այլ մարզպետի պաշտոնակատար նշանակելու վարչապետի որոշումը: Հնարավոր է, որ իսկապես իշխանությունը մտադիր է այս պաշտոնը վերադարձնել Սուրեն Խաչատրյանին, և սպասում է նախաքննության ավարտին, որը կփաստի, որ Սուրեն Խաչատրյանը որևէ կապ չունի կամ անմիջականորեն պատասխանատու չէ Ավետիք Բուդաղյանի սպանության համար: Այդ դեպքում կստացվի, որ Սյունիքի մարզպետը ոչ թե հրաժարական է տվել, այլ ժամանակավորապես դադարեցրել է իր պարտականությունների կատարումը, ինչպես հայտարարել էր նախապես: Այս դեպքում կարելի է ասել, որ իշխանությունը գործում է Խաչատրյանի հետ համաձայնեցված:
Հնարավոր է նաև՝ իշխանությունը դեռ չի կողմնորոշվել, թե եղած թեկնածուներից ո՞վ պետք է զբաղեցնի մարզպետի պաշտոնը, և ժամանակավոր պաշտոնակատար նշանակելով՝ ժամանակ է շահում որոշում կայացնելու համար: Այդ իմաստով առնվազն առաջիկա երկու-երեք ամիսներին մարզպետի թափուր պաշտոնի համար պայքարը շարունակվելու է: