Ռուստամ Իբրահիմբեկովն ընտրվել է Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի Ազգային խորհրդի նախագահ
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ կինոդրամատուրգ Ռուստամ Իբրահիմբեկովն ընտրվել է Ժողովրդավարական ուժերի Ազգային խորհրդի (ԺՈՒԱԽ) նախագահի պաշտոնում:
Նրա թեկնածությունն առաջադրել էր «Մուսավաթ» կուսակցության նախագահ Իսա Ղամբարը: Իբրահիմբեկովի օգտին է քվեարկել ԺՈՒԱԽ-ի հիմնադիր կոնֆերանսի մանսակիցների բացարձակ մեծամասնությունը: Երկուսը դեմ են արտահայտվել, ևս երկուսը ձեռնպահ են գտնվել:
Իբրահիմբեկովն անձամբ չի մասնակցել այդ նիստին և Ադրբեջան է վերադառնալու հունիսի վերջին: Նիստին մասնակցել է 97 մարդ՝ ընդդիմադիր կուսակցությունների, քաղաքացիական հասարակության, գիտական ու ստեղծագործ մտավորականության ներկայացուցիչներ:
Իրավապաշտպան Լեյլա Յունուսի առաջարկով նիստի օրակարգում է ընդգրկվել նաև ԺՈՒԱԽ-ի կողմից առաջիկա նախագահական ընտրություններում սեփական միասնական թեկնածուի առաջադրման հարցը, որը պետք է լինի հենց Ռուստամ Իբրահիմբեկովը:
Հիշեցնենք, որ Ռուստամ Իբրահիմբեկովը հայտարարել է, որ եթե ԺՈՒԱԽ-ն իրեն ընտրի որպես նախագահի միասնական թեկնածու, ապա ինքը պատրաստ է կրել այդ բեռը՝ ընդգծելով, որ իրենք չեն հանդիսանում Կրեմլի նախագիծը: