Ադրբեջանի իշխող կուսակցությունը նախագահական ընտրությունների համար առաջադրել է Իլհամ Ալիևի թեկնածությունը
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր մեկնարկել է իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության (ԵԱԿ) հերթական համագումարը: Դրանում որոշվել է առաջիկա նախագահական ընտրություններում կուսակցությունից առաջադրել գործող նախագահ Իլհամ Ալիևի թեկնածությունը:
Համագումարի մասնակիցները միաձայն աջակցել են Իլհամ Ալիևի թեկնածությանը: Բացի այդ, Իլհամ Ալիևը վերստին ընտրվել է ԵԱԿ-ի նախագահի պաշտոնում: Ադրբեջանում նախագահական ընտրություններն անցկացվելու են այս տարվա հոկտեմբերին: ԵԱԿ-ը նախագահական ընտրությունների համար երրորդ անգամ (անընդմեջ) է առաջադրում Իլհամ Ալիևի թեկնածությունը:
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի կեսին ԵԱԿ-ի քաղխորհրդի անդամ Ալի Ալիռզաևը Yeni Musavat թերթին տված հարցազրույցի ժամանակ չէր բացառել, որ Իլհամ Ալիևը կարող է սեփական թեկնածությունը չառաջադրել Ադրբեջանի առաջիկա նախագահական ընտրություններում: Ալիռզաևը հայտարարել էր, որ եթե Իլհամ Ալիևի չառաջադրի իր թեկնածությունը, ապա երկրի հաջորդ նախագահը կդառնա նրա կինը՝ Մեհրիբան Ալիևան:
2009 թվականին Ադրբեջանի Սահմանադրությունում կատարված ուղղումները 2003 և 2008 թվականների նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Իլհամ Ալիևին հնարավորություն տվեցին նախագահական ընտրություններում վերստին առաջադրել սեփական թեկնածությունը, ինչն անհնար էր մինչ այդ: