Բաժիններ՝

Իլհամ Ալիևը կարող է սեփական թեկնածությունը չառաջադրել առաջիկա նախագահական ընտրություններում. Ադրբեջանի իշխող կուսակցություն

Haqqin.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանում իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության (ԵԱԿ) հիմնադիրներից, տվյալ կուսակցության քաղխորհրդի անդամ Ալի Ալիռզաևը Yeni Musavat թերթին տված հարցազրույցի ժամանակ հանդես է եկել սենսացիոն հայտարարությամբ՝ կապված հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների հետ:

Նա չի բացառել, որ Իլհամ Ալիևը կարող է սեփական թեկնածությունը չառաջադրել Ադրբեջանի առաջիկա նախագահական ընտրություններում: Ալիռզաևի կարծիքով՝ եթե Իլհամ Ալիևի չառաջադրի իր թեկնածությունը, ապա երկրի հաջորդ նախագահը կդառնա նրա կինը՝ Մեհրիբան Ալիևան.

«Ես չեմ բացառում այդ տարբերակը: Օբյեկտիվ լինելու համար պետք է նշեմ, որ մեկ այլ թեկնածու չեմ տեսնում: Ադրբեջանի պայմաններում և հաշվի առնելով ընտրազանգվածի տրամադրվածությունն ու մյուս պատճառները՝ այդ արդյունքը սպասելի է: Ներկայումս ԵԱԿ-ը երկրի ամենահզոր քաղաքական ուժն է, և եթե նա աջակցի որևէ թեկնածուի, ապա հաջողությունը երաշխավորված է»:

Հիշեցնենք, որ Բաքվի «Պոլիգոն» գործակալությունը դեռ 2011 թվականի նոյեմբերի սկզբին էր հայտնել, որ Ադրբեջանի նախագահի պաշտոնում Իլհամ Ալիևին 2013 թվականին փոխարինելու է նրա կին Մեհրիբան Ալիևան. «Ադրբեջանում ստեղծվել է վերլուծաբանների խումբ, որոնք մշակում են 2013 թվականի համար կառավարության բարեփոխման և երկրում հանդարտության ապահովման մեթոդներ։

Այդ խմբի կազմում ընդգրկված են թե՛ օտարազգի, թե՛ տեղի փորձագետներ։ Նրանք, միմյանցից անկախ, հետազոտում են իշխանամետ շրջանակներում փոփոխությունների հնարավորությունը, մշակում են երկիրը ցնցումներից զերծ պահելու տարբերակներ։ Փորձագետները հակված են նրան, որ, ամենայն հավանականությամբ, Ադրբեջանում կիրականացվի բարձրագույն պոստի փոփոխության «ռուսական մեթոդը»։

Երբ Սահմանադրությունում կատարվեցին փոփոխություններ (2009 թվական), որոնք առնչվում են նախագահական ժամկետների անսահմանափակ քանակին, իրավիճակը կատարելապես այլ էր։ Այժմ արաբական աշխարհում տեղի ունեցած իրադարձությունները ցույց են տվել, որ բռնապետական ռեժիմներն այլևս կենսունակ չեն։ Իսկ դա նշանակում է, որ Իլհամ Ալիևի համար վտանգավոր է դառնում նախագահական պաշտոնում հերթական անգամ մնալը (Ալիևների կլանն Ադրբեջանը ղեկավարում է 1993 թվականից)։

Այդ պատճառով էլ ակնկալվում է, որ նախագահական պաշտոնում նրան փոխարինելու է կինը՝ Մեհրիբան Ալիևան։ Սակայն վերջինս մինչ այդ պետք է նշանակվի Ադրբեջանի վարչապետ։ Ընդ որում, իշխանական «հին գվարդիան» ամբողջությամբ թարմացվելու է՝ Մեհրիբան Ալիևայի գլխավորությամբ։ Դա Ադրբեջանին հնարավորություն կընձեռի նոր էջ բացել Արևմուտքի հետ հարաբերություններում»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս