Բաժիններ՝

Ջոն Մաքքեյնն առաջարկել է թևավոր հրթիռներով ոչնչացնել Ասադի ավիացիան և ստեղծել անվտանգ գոտիներ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը կարող է կանխել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգի կողմնակիցների հաղթանակը, եթե թևավոր հրթիռներով հարվածի կառավարական զորքերին և իր հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միջոցների օգնությամբ ապստամբների ստեղծի անվտանգ գոտիներ:

Այս մասին Բրուքինգսի ինստիտուտում հայտարարել է ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնը. «Չպետք է կարծել, որ մենք պետք է ոչնչացնենք ՀՕՊ-ի յուրաքանչյուր միջոց կամ պետք է ուղարկենք հազարավոր զինվորների՝ Սիրիայում իրավիճակը փոխելու համար: Մենք ունենք սահմանափակ ընտրություն:

Մենք կարող ենք օգտագործել հեռահար գործունեության զենք, օրինակ թևավոր հրթիռներ, որոնց թիրախում կլինեն Ասադի ռազմաօդային ուժերը և հրթիռային սարքերը: Բացի այդ, անհրաժեշտ է անցումային կառավարությանը հնարավորություն տալ աշխատել անվտանգ շրջանում:

Այդ գոտին մենք կպաշտպանենք Patriot հրթիռներով: Մենք կարող ենք կազմակերպել լիարժեք օպերացիա՝ սիրիական ընդդիմադիր ուժերին ուսուցում և սպառազինություն տալու համար: Պետք է զենք մատակարարել նրանց»:

Հիշեցնենք, որ մայիսի վերջին Մաքքեյնը Թուրքիայի տարածքով մուտք էր գործել Սիրիայի հյուսիս, որը վերահսկվում էր սիրիացի ապստամբների կողմից և հանդիպել էր նրանց առաջնորդների հետ: Դրանով իսկ Ջոն Մաքքեյնը դարձել էր ԱՄՆ-ի իշխանությունների ամենաբարձրաստիճան ներկայացուցիչը, ով հանդիպել է սիրիացի ապստամբների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս