Արգամիչը պաշտպանել է Լիսկային. մամուլ
«Եթե կիրակնօրյա կրակոցները ՀՀ քաղաքացու տան մոտ հնչած լինեին, այլ ոչ թե ՀՀ օլիգարխի, կասկած չկա, որ սույն քաղաքացին անմիջապես կձերբակալվեր որպես վտանգավոր հանցագործ: Իսկ Լիսկան ոչ միայն ազատվեց դեպքերի զարգացման նման սցենարից, այլև ամենաբարձր աջակցությունն ստացավ».- գրում է «Հրապարակ» օրաթերթը և շարունակում.
«Նրա որդու պաշտպանությունը հրատապ կարգով միաժամանակ երեք փաստաբաններ ստանձնեցին, այդ թվում Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանն անձամբ, ինչը երբեք չէր պատահել, օրինակ, զինվորական հանցագործություններից տուժած հասարակ բանակայինների դեպքում:
Երեկ նախաքննության անմիջական պատասխանատուն՝ ՀՀ զինդատախազը նույնպես պաշտպանեց Սյունիքի մարզպետին: Նա հավատարիմ լրատվամիջոցներին բրիֆինգի կանչեց և հայտարարեց, որ Սուրեն Խաչատրյանը չի եղել փոխհրաձգության վայրում, այսինքն իր տան մոտ, և որ կա տեսաձայնագրություն, որից սա ակնհայտ է: Կասկած չկա, որ Սուրեն Խաչատրյանին մաքրելու քաղաքական որոշումն ընդունված է:
ՀՀԿ վերին օղակին մոտ կանգնած աղբյուրից երեկ պարզեցինք, որ այս թեմայով ներկուսակցական քննարկում է եղել: Լիսկային պաշտպանելու որոշման հետևում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն է, որի հետ Սուրեն Խաչատրյանն ընդհանուր տնտեսական շահեր ունի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Հրապարակի» այսօրվա համարում:



