Բաժիններ՝

Վերահսկիչ պալատը բացահայտումնե՞ր է անում, թե՞ փորձում է ուշադրություն շեղել

«Տեղին եմ համարում Վերահսկիչ պալատի բացահայտումները Հյուսի-հարավի հետ կապված, նրանք էլ (խմբ. կառուցապատողներն ու վերահսկողները) պետք է իմանան, որ չեն եկել Աֆրիկա, ու սկզբից էս աղմուկը ճիշտ է»,- այսօր Ազգային ժողովում քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ տրանսպորտի և կապի փոխանախարար Հրանտ Բեգլարյանը:

Նրա բնորոշմամբ՝ երկու վերահսկող կազմակերպությունն էլ (ֆրանսիական «Սաֆեժ» և իսպանական «Էպտիսա») բավականին «ռեյտինգով» կազմակերպություններ են, իսկ պայմանագիրը կնքվել է միջազգային կոնվենցիայով ընդունված պայմանագրի համաձայն:

Հ.Բեգլարյանը հայտնեց, որ փորձում են վատ վիճակում գտնվող ճանապարհահատածները, օրինակ՝ Սիսիան-Գորիսը, ծրագրերի մեջ մտցնել:

ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի գնահատականով՝ ՎՊ-ի ստուգումը ուշադրությունը շեղող քայլ է. «Վերահսկիչ պալատն ինձ ապշեցրեց՝  իբր բան է ստուգել: Տպավորություն է, որ պատվեր է կատարում՝ կառուցողին չի ստուգում, վերահսկողին է ստուգում»:

Բագրատյանը հարցադրում արեց, թե ինչի՞ համար է այդ ճանապարհը՝ առանց կարդինալ լուծումների, թունելների ու կամուրջների: Մասնավորապես՝ ինչ էլ անեն, Քաջարանի հատվածը փակ է լինելու ձմռանը: Պատգամավորի կարծիքով՝ առնվազն երկու թունել էր պետք է Քաջարանի ու Կապանի մոտ, և առավել առաջնահերթ է Գանձասարի ճանապարհը պետք է կառուցել:

Հ. Բեգլարյանը նշեց, որ Հյուսիս-հարավ ճանապարհի առաջին փուլերի մեկնարկը տրվել է՝ ելնելով մեքենաների հոսքի ինտենսիվությունից. ամենաբարձր ինտենսիվությունը Երևան-Գյումրին է. «Ոչ ոք չի բացառում, որ հաջորդ տրանշը լինելու է Ձեր ասած հատվածում»:

Փոխնախարարը հայտարարեց, որ առայժմ որոշում չկա կատարողների հետ պայմանագիրը խզելու մասին. «Մենք դեռ մտադիր չենք խզել պայմանագիրը, կատարման երաշխիքը ներկայացված է: Եթե խնդիր լինի, դատական պրոցես լինի, դատարանը կորոշի՝ ով է հատուցելու հասցված վնասը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս