Տնօրեն-ուսուցչուհի վեճը շարունակվում է. տնօրենին աշխատանքից ազատելու միջնորդությունը մերժվել է

9 տարի է Վանաձորի թիվ 8 դպրոցի տնօրեն Կարինե Ստեփանյանի և նույն դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Սուսաննա Սարգսյանի միջև իրավական հարթության վրա ծագած վեճը` ՀՀ ներպետական դատական ատյաններով մի քանի անգամ անցնելուց հետո էլ չի դադարում:

Վկայակոչելով Վճռաբեկ դատարանի կողմից օրինական ուժի մեջ մտած մի շարք իրավական ակտեր` ուսուցչուհին պայքարում է, որ իրեն աշխատանքից ազատած տնօրենը կրկին աշխատանքի ընդունի իրեն և վճարի հարկադիր պարապուրդի համար:

Մինչդեռ տնօրենն, իր փաստարկները բերելով, պնդում է, որ աշխատանքի վերականգնման հետ կապված` օրենքի բոլոր պահանջներն ինքը կատարել է, իսկ մի քանի դատական վճիռներով հօգուտ ուսուցչուհու հաստատված` բռնագանձման ենթակա գումարներն անօրինական են:

Ի դեպ, տնօրենի վերջին վճռաբեկ բողոքը, որով դարձյալ պահանջում էր անվավեր ճանաչել բռնագանձվող գումարների վերաբերյալ ակտերը, մոտ 1 ամիս առաջ է վերադարձվել նույն պատճառաբանությամբ, որ դրա վերաբերյալ կա օրինական ուժի մեջ մտած վճիռ:

Այսպիսով հաստատված է հօգուտ ուսուցչուհու բռնագանձելիք գումարի չափը` 2 մլն 600 հազար դրամ, որից 1 մլն 800 հազարն արդեն վճարվել է նրան:

Գումարի բռնագանձման պահանջով ԴԱՀԿ վարույթ է հարուցված, և արգելանք է դրված դպրոցի գույքի ու բանկային հաշիվների վրա: Դպրոցի աշխատակազմը բողոքում է, որ զրկված է աշխատավարձ ստանալու հնարավորությունից:

Լոռու մարզի քննչական բաժնից միջնորդագիր էր ներկայացվել Լոռու մարզպետին, որով խնդրվում էր օբյեկտիվ քննության առնել 8-րդ դպրոցի հետ կապված հարցը և կոնկրետ գործողություններ կատարել, մասնավորապես` աշխատանքից ազատել տնօրեն Կարինե Ստեփանյանին: Մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Ալիկ Սահակյանի փոխանցմամբ, սակայն, տնօրենին ազատելու միջնորդությունը մարզպետարանի կողմից մերժվել է:

«Մենք գտնում ենք, որ այդ միջնորդագրի մեջ բարձրացված հարցը այդպես չպետք է լուծվի, և գտնում ենք, որ ներկայիս տնօրենի կողմից պահպանվել են օրենսդրության պահանջները»,- նշեց իրավաբանը` մարզպետարանի ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ի տնօրենի վերաբեյալ:

Ինչ վերաբերում է գումարի բռնագանձմանը, նա ասաց, որ երբ Հարկադիրն արգելանք էր դրել դպրոցի հաշվեհամարի վրա, և ռեսուրսներն այլևս չէին բավականացնում, մարզպետարանը դիմել է Կառավարությանը` լրացուցիչ գումարի խնդրանքով, ինչի վերաբերյալ իրենցից պարզաբանում է պահանջվել:

Արդյունքում, Կառավարության աշխատակազմի ղեկավարի կողմից Վանաձորի թիվ 8 դպրոցի հարցը բարձրացվել է, որի վերաբերյալ հանձնարական է ուղարկվել ԿԳ նախարարին:

Նախարարությունն էլ գրություն է ուղարկել Լոռու մարզպետարան` խնդրի լուծման հետևյալ տարբերակով. վճռի հիման վրա Հարկադիր կատարման ծառայությունը կալանքը դրել է ՊՈԱԿ-ի ընդհանուր հաշվեհամարի վրա: Իսկ եթե լիազոր մարմինը` ԿԳ նախարարությունը կամ Ֆինանսների նախարարությունը, քանի որ խնդիրը պետական բյուջեին է վերաբերում, հետադարձ (ռեգրես) հայցով դիմեն դատարան` պատասխանող ճանաչելով դպրոցի տնօրենին, արդեն վերջինս կկրի գումարների վճարման պատասխանատվությունը:

Գրության մեջ այս հարցն է արծարծված, որը մարազպետարանի կողմից դեռ քննարկման փուլում է: Իրավաբանի խոսքով` դատարանով հաստատված գումարն ամբողջությամբ բռնագանձման ենթակա է: Այս դեպքում փորձում են դպրոցի բյուջեի հետ կապված խնդիրը լուծել, որ աշխատակազմը չզրկվի աշխատավարձից:

«Գումարը այսպես թե այնպես պետք է վճարվի: Ուղղակի փորձում ենք կարգավորել, այս պահին բռնագանձվող գումարը տրամադրել, արգելանքը հանել»,- ասում է Ալիկ Սահակյանը` հակասելով հենց ինքն իրեն. եթե ուսուցչուհու օգտին բռնագանձման ենթակա գումարը պարտադիր վճարման ենթակա է, նշանակում է նա իսկապես հարկադիր պարապուրդի մեջ է, և հետևաբար` տնօրենի կողմից ուսուցչուհուն աշխատանքում վերականգնելու դատարանի վճիռն էլ կատարված չէ: Այս և տնօրեն-ուսուցչուհի վեճի մյուս մանրամասներին կանդրադառնանք առաջիկայում:

Տեսանյութեր

Լրահոս