
Երիտասարդական խորհրդարանը մի շարք օրենքներ է հաստատել

Այսօր տեղավ ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից Երիտասարդական խորհրդարանի նիստը: Ինչպես տեղեկացնում են Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, Երիտասարդական խորհրդարանի անդամները քննարկեցին «Վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող Կարեն Ամիրյանը նշեց, որ առաջարկվում է օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 6-րդ կետով, այն է՝ հայցը ենթակա չէ վարչական դատարանում քննության:
Ազատուհի Սիմոնյանը ներկայացրեց «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով Օսմանյան կայսրությունում կամ Արևմտյան Հայաստանում իրագործված Հայոց ցեղասպանությունը հրապարակայնորեն հերքելը, մեղմացնելը, արդարացնելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:
Երիտասարդական խորհրդարանի պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին քննարկված օրենքի նախագծերը:
Երիտասարդ խորհրդարանականները քննարկեցին նաև «ՀՀ Հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերը: