Բաժիններ՝

Տիգրան Պետրոսյանի կոտրված մատները և քաղաքապետարանի արձագանքը (լուսանկարներ)

Երկու օր առաջ հայտնաբերեցինք, որ շախմատի աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի` Երևանում Մաշտոցի պողոտայում տեղադրված կավե արձանը վնասված է, մասնավորապես, կոտրված էին արձանի աջ ձեռքի մատները, որոնք անփույթ կերպով, կարելի է ասել` «տնավարի» ձևով փաթաթված էին կպչուն ժապավենով: Պատկերը նույնն էր նաև այսօր, միայն թե արդեն չկար կպչուն ժապավենը:

Այս հարցի կապակցությամբ դիմեցինք Երևանի քաղաքապետարան` պարզելու, թե արդյոք քաղաքապետարանում տեղյա՞կ են այս մասին, թե՞  ոչ: Մեզ հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Արթուր Սարուխանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ տեղյակ չի այդ մասին և շնորհակալություն հայտնեց ահազանգելու համար` հավաստիացնելով, որ իսկույն ևեթ կտեղեկացնի այդ մասին համապատասխան վարչությանը, և արձանը կվերականգնվի:

Մենք նաև հետաքրքրվեցինք, թե նման դեպքերում ի՞նչ մեխանիզմներով է կատարվում վերականգնումը: «Անցյալ տարվա մեր փորձը հաշվի առնելով` քանդակագործ վարպետը, ով արձանների հեղինակն է, ըստ փոխադարձ պայմանավորվածության` ինքն էլ նույնությամբ վերականգնում է: Այսինքն` մենք հիմա պետք է խնդրենք վարպետին, եթե արձանը տեղափոխելու կարիք չկա, տեղում կգա կվերականգնի, կախված է նրանից, թե ինչ վնասվածք է»,-ի պատասխան նշեց նա:

Հիշեցնենք, որ Երևանում այսպիսի կավե արձաններ կամ, ինչպես քաղաքային իշխանություններ են անվանում, «քաղաքային դիզայնի տարրեր» տեղադրվել են նաև ի պատիվ այլ մեծանուն հայ գործիչների` գրողներ Եղիշե Չարենցի, Պարույր Սևակի, Հրանտ Մաթևոսյանի, դերասան Մհեր Մկրտչյանի և այլոց, որոնցից մի մասը նույնպես վերջին մեկ տարվա ընթացքում ենթարկվել է անբարեխիղճ քաղաքացիների բարբարոսության:

tp-2

tp-3

TP-1 tp-4

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս