
Հորդանանի հետախուզությունը կանխել է Բաշար Ասադի դեմ մահափորձը

Լիբանանյան ad-Diyar թերթի փոխանցմամբ՝ ձախողվել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի նկատմամբ պլանավորված մահափորձը: Դավադրության մասին սիրիական հետախուզությանը հայտնել է հորդանանյան հետախուզությունը:
Դավադիր պլանի համաձայն, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ինքնաթիռը պետք է կործանեին Լաթաքիա օդանավակայանում վայրէջք կատարելիս: Դավին մասնակցել է «Ջաբհաթ ան-Նուսրա» խմբավորման կողմից գնված սիրիական բանակի սպան:
Վերջինս պետք է շարժական զենիթա-հրթիռային համալիրի միջոցով կործաներ վայրէջք կատարող Ասադի ինքնաթիռը: Երբ Ասադի ինքնաթիռը մեկնել է Դամասկոսից, սիրիական հետախուզությունը Հորդանանից ստացած տվյալների շնորհիվ կարողացել է գաղտնալսել դավադիրների հեռախոսազրույցը, որոնք հայտնել են ինքնաթիռի մեկնման մասին:
Դրանից հետո Ասադի ինքնաթիռը փոխել է ուղղությունը և վերադարձել է Դամասկոս: «Ջաբհաթ ան-Նուսրայի» 9 դավադիրներ ձերբակալվել են: Թերթն ընդգծել է, որ մահափորձի կազմակերպման հետևում կանգնած են Թուրքիան ու Կատարը: