Օֆշորներից Հայաստանի տնտեսության մեջ ներդրվող գումարները կրճատվել են
Հայաստանի տնտեսությունում օտարերկրյա ներդրումների ծավալը շարունակում է կրճատվել: Ազգային վիճակագրական ծառայության այսօր հրապարակած տվյալների համաձայն՝ 2013թ. հունվար-մարտին տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների հոսքերի ծավալը (առանց պետական կառավարման և բանկային համակարգով ստացվածի) կազմել է 131 մլն դոլար, որը 2012թ. նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 11.9%-ով, որից ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 57.7 մլն դոլար և նվազել 35.4%-ով:
Ուշագրավ է, որ շատ օֆշորային գոտիներից իրականացվող ներդրումները զգալիորեն կրճատվել են: Այսպես՝ Լյուքսեմբուրգից ներդրումները կրճատվել են 78.8%-ով, Շվեյցարիայից՝ 99.5%-ով, Լիբանանից՝ 54%-ով, Կիպրոսից՝ 69.4%-ով, իսկ Սեյշելներից և Իռլանդիայից այս տարի ընդհանրապես ներդրում չի իրականացվել, թեև անցած տարի առաջին եռամսյակում ներդրումները կազմել էին համապատասխանաբար՝ 3 մլն 51.3 հազար դոլար և 118.1 հազար դոլար:
Թեև ծավալը շատ չի, բայց 2 անգամ ավելացել են ներդրումներն օֆշորային գոտի համարվող Բրիտանական Վիրջինյան կղզիներից՝ կազմելով 77 հազ. դոլար, ընդ որում՝ ներդրումն արվել է մետաղական հանքաքարի արդյունահանման մեջ:
Ընդհանրապես այս տարվա առաջին 3 ամիսներին հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման այլ ճյուղերում ներդրումներն իրականացվել են Կիպրոսից՝ 135 հազար դոլար՝ անցած տարվա 132.9 հազար դոլարի փոխարեն, և Գերմանիայից՝ 2 մլն 193.3 հազար դոլար՝ անցած տարվա 5 մլն 277.7 հազար դոլարի փոխարեն: Այս ոլորտում անցած տարի ներդրումներ իրականացրած Նիդեռլանդները, Շվեյցարիան և Միացյալ Թագավորությունն այս տարի իրենց ակտիվությունը զրոյացրել են:
Ընդհանուր ներդրումների գերակշիռ մասը՝ 26.02%-ը կամ 34 մլն 94 հազար դոլարը, կատարվել է մետաղական հանքաքարի արդյունահանման մեջ, իսկ ուղղակի ներդրումների ամենամեծ ծավալը՝ 52.53% կամ 30 մլն 332.7 հազար դոլարը, բաժին է ընկել հեռահաղորդակցությանը: