Ինչի վրա են ծախսվել բյուջեի փողերը
2013 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 10.5%-ով կամ շուրջ 28.2 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ընթացիկ ծախսերի աճով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարությունը։
Ընթացիկ ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 283.9 մլրդ դրամ` 62%-ով ապահովելով կիսամյակային ծրագրի կատարումը: Նախորդ տարվա հունվար-ապրիլ ամիսների համեմատ ընթացիկ ծախսերն աճել են 10.8%-ով կամ 27.7 մլրդ դրամով:
Ընթացիկ ծախսերից 28.6 մլրդ դրամ տրամադրվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրությանը, որը կազմել է կիսամյակային ծրագրի 60.9%-ը և 20.2%-ով գերազանցել նախորդ տարվա նույն ցուցանիշը: Վերջինս հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքով զինծառայողների դրամական եկամուտները հանվել են նախկինում նվազեցվող եկամուտներ համարվող եկամուտների ցանկից, և սահմանվել է, որ զինծառայողներին վճարվող դրամական եկամուտները հարկվում են եկամտային հարկով` օրենքով սահմանված ընդհանուր կարգով:
Ծառայությունների և ապրանքների ձեռքբերման նպատակով 2013 թվականի հունվար-ապրիլ ամիսներին պետական բյուջեից օգտագործվել է 58.7 մլրդ դրամ, որը կազմել է կիսամյակային ծրագրի 56.4%-ը և 3.5%-ով գերազանցել նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը` հիմնականում պայմանավորված նյութերի և շարունակական ծախսերի աճով:
Պետական պարտքի սպասարկմանը հաշվետու ժամանակահատվածում տրամադրվել է 17.1 մլրդ դրամ` կազմելով կիսամյակային ծրագրի 69.2%-ը: Մասնավորապես` նշված գումարից 13.4 մլրդ դրամ տրամադրվել է ներքին, 3.8 մլրդ դրամ` արտաքին պարտքի սպասարկմանը: Պետական պարտքի սպասարկման ծախսերը 47.1%-ով կամ 5.5 մլրդ դրամով գերազանցել են նախորդ տարվա նույն ցուցանիշը:
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեից տրամադրվել են 9.5 մլրդ դրամի սուբսիդիաներ` կազմելով կիսամյակային ծրագրի 70%-ը և 36%-ով գերազանցելով նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը:
2013 թվականի հունվար-ապրիլ ամիսներին պետական բյուջեից տրամադրված դրամաշնորհները կազմել են 31.9 մլրդ դրամ, որից 31.4 մլրդ դրամը տրամադրվել է պետական հատվածի այլ մակարդակներին, 511.5 մլն դրամը` միջազգային կազմակերպություններին: Մասնավորապես` համայնքների բյուջեներին տրամադրվել են 12.1 մլրդ դրամ դոտացիաներ, որոնք նախորդ տարվա համեմատ աճել են 11.6%-ով: Դրամաշնորհների կիսամյակային ծրագիրն ընդհանուր առմամբ կատարվել է 62.1%-ով, իսկ
նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված ծախսերն աճել են 3.4%-ով կամ 1 մլրդ դրամով` հիմնականում պայմանավորված համահարթեցման դոտացիաների աճով:
Ընթացիկ ծախսերի 33.9%-ը` 96.3 մլրդ դրամ, ուղղվել է սոցիալական նպաստների և կենսաթոշակների վճարմանը` ապահովելով ներկայացված բոլոր պարտավորությունների կատարումը և արձանագրելով կիսամյակային ծրագրի 64.1% կատարողական: Մասնավորապես` 65.5 մլրդ դրամ են կազմել կենսաթոշակները, շուրջ 30.8 մլրդ դրամ` նպաստները: Նախորդ տարվա հունվար-ապրիլ ամիսների համեմատ նպաստների և կենսաթոշակների ծախսերն ավելացել են 5.2%-ով կամ 4.8 մլրդ դրամով:
Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի միջոցներից 41.7 մլրդ դրամ տրամադրվել է այլ ծախսերին` կազմելով կիսամյակային ծրագրի 62.2%-ը և 20.6%-ով գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը:
Պետական բյուջեի ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները 2013 թվականի հունվար-ապրիլ ամիսներին կազմել են 13.3 մլրդ դրամ կամ կիսամյակային ծրագրի 30%-ը: Մասնավորապես` 14 մլրդ դրամ են կազմել ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը, որոնց կիսամյակային ծրագիրը կատարվել է 31.2%-ով: 670.5 մլն դրամ է մուտքագրվել ոչ ֆինանսական ակտիվների օտարումից` առաջին կիսամյակի ծրագրով նախատեսված 392.9 մլն դրամի և նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մուտքագրված 130.4 մլն դրամի դիմաց: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների ցուցանիշն արձանագրել է 3.4% աճ` հիմնականում պայմանավորված շենքերի և շինությունների ծախսերի, ինչպես նաև ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերի աճով: