Պարույր Հայրիկյանի կինն ու դուստրը դատարանում վկայություն են տալիս

Երևանի կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջաններրի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի գործով դատական քննություն: Դատական նիստի ընթացքում հարցաքննվում են գործով վկաները:

Արդեն ցուցմունք են տվել Պարույր հայրիկյանի կինը` Սուսաննա Ավագյանը, և նրա դուստրը` Նարե Հայրիկյանը: Դատական նիստի ընթացքում Պ. Հայրիկյանի կինը հայտարարեց, որ դեպքի օրն ինքն իր աղջկա` Նարեի, հետ հեռուստացույց է դիտել, որի ընթացքում ուժեղ աղմուկ է լսվել:

Ըստ Ս. Ավագյանի ` այդ ժամանակ Նարեն վազքով մոտեցել է պատուհանին ու բղավել է. «Հայրիկն է, մամ»: Այդ ժամանակ Պ. Հայրիկյանի կինը, ըստ իր ցուցմունքի, տանից դուրս է վազել ու ամուսնուն տեսել ընկած: Առաջին պահին կնոջը թվացել է, թե ամուսինը ինֆարկտ է տարել, սակայն տեսել է, որ Հայրիկյանի կրծքավանդակից «արյունը շատրվանի նման դուրս է գալիս»:

Սուսաննա Ավագյանը  նաև պատմեց, որ չի հիշում, թե հարևաններից ով է շտապ օգնություն և ոստիկանություն զանգահարել: Առաջինը դեպքի վայր ժամանել է ոստիկանությունը, ապա՝ շտապ օգնության մեքենան, որով Հայրիկյանին տեղափոխել են Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Կարդացեք նաև

Դատավարության կողմերի հարցին, թե հետագայում ի՞նչ է պատմել Հայրիկյանը դեպքի մասին, Սուսաննա Ավագյանը պատասխանեց, թե ամուսինն իրեն պատմել է, որ մեքենայից դուրս է եկել, ետ է վերադարձել պայուսակը վերցնելու ու նկատել է, որ ինչ-որ մեկը մոտենում է իրեն:

Ըստ Ս. Ավագյանի` Հայրիկյանին թվացել է, թե այդ մարդը ցանկանում է բարևել իրեն, սակայն շուտով, հասկացել է, որ ինչ-որ բան այն չէ և սկսել է ձեռքով շարժումներ անել:

Դատական նիստի ընթացքում հարցաքննվեց նաև Հայրիկյանի դուստրը, ով պատմեց, որ դեպքի օրը մոր հետ հեռուստացույց  է դիտել, որի ընթացքում խուլ պայթյունի ձայն է լսել:  Աղջիկը մանրամասնեց նաև, որ մոտեցել է պատուհանին, տեսել հոր պայուսակի ընկնելու ընթացքը:

Դրանից հետո, Նարե Հայրիկյանի խոսքով, դուրս են եկել տանից և տեսել, որ հայրն ընկած է հարթակին ու բղավում է ցավից: Գործով ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանը Նարե Հայրիկյանից հետաքրքրվեց, թե արդյոք վերջինս ավտոմեքենայի «սիգնալիզացիայի» ձայնը լսե՞լ է, թե՞ ոչ: Հայրիկյանի դուստրն էլ ի պատասխան նշեց, թե նման բան չի լսել:

Դատական նիստի ընթացքում հարցաքննվեց նաև գործով վկա Սեդա Գևորգյանը, ով Պարույր Հայրիկյանի հարևանն է: Վկան պատմեց գրեթե նույնը, ինչ պատմել էին Հարիկյանի կինն ու աղջիկը: Նա միայն հավելեց, որ իր աղջիկը տեսել է, թե ինչպես սև հագուստով մի մարդ ուշադիր նայել է «այդ կողմը» (չմանրամասնեց, թե ինչ նկատի ուներ այդ կողմ ասելով.- Օ.Հ.):

Գործով ամբաստանյալ Խ. Պողոսյանի պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքները` հաշվի առնելով, որ վկայի նախաքննական ու դատական ցուցմունքներում առկա են էական հակասություններ:

Մասնավորապես դատաքննության ընթացքում վկան հայտնեց, որ ինքը պատուհանից դուրս չի նայել, սակայն նախաքննության ընթացքում հայտնել էր, որ դուրս է նայել պատուհանից ու լսել Պ. Հայրիկյանի ձայնը, հասկացել, որ Հայրիկյանը վնասվածք է ստացել: Դատարանում վկան պարզաբանեց, որ նախաքննության ընթացքում ինքը բազմաթիվ անգամներ ցուցմունք է տվել, երեքից-չորս թուղթ է ստորագրել:

Վկան նաև նշեց, թե ինքը հավանաբար չի կարդացել քննիչի ձեռքով իր տված ցուցմունքը: Դատավարության կողմերի մոտ զարմանք հարուցեց այն հանգամանքը, որ վկան կարող էր առանց կարդալու ստորագրել գրված ցուցմունքի տակ:

Նա նաև մտաբերեց դեպքերից մեկը, որ իրեն հարցաքննող քննիչներից մեկը գրել էր իր պատմածներին չհապատասխանող մի բան և երբ քննիչին ասել էր դրա մասին, վերջինս պատասխանել էր. «Ոչինչ»:

Այժմ դատարանում ընդմիջում է հայտարարված, որից հետո հանավաբար կշարունակվի գործով վկաների հարցաքննությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս