
Ադրբեջանի իշխող կուսակցության նախագահի թեկնածուի անունը կարող է հայտնի դառնալ հունիսի 7-ին

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը (ԵԱԿ) իր հինգերորդ համագումարն անցկացնելու է հունիսի 7-ին: Այս մասին հայտնել է կուսակցության մամուլի ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ կուսակցության համագումարին մասնակցելու է 83 շրջանի ավելի քան 750 պատվիրակ: Ակնկալվում է, որ համագումարի ժամանակ հաստատվելու է առաջիկա նախագահական ընտրություններում կուսակցության թեկնածուն: Անցկացված բոլոր շրջանային կոնֆերանսներում առաջադրվել է գործող նախագահ Իլհամ Ալիևի թեկնածությունը:
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի կեսին ԵԱԿ-ի քաղխորհրդի անդամ Ալի Ալիռզաևը Yeni Musavat թերթին տված հարցազրույցի ժամանակ չէր բացառել, որ Իլհամ Ալիևը կարող է սեփական թեկնածությունը չառաջադրել Ադրբեջանի առաջիկա նախագահական ընտրություններում: Ալիռզաևը հայտարարել էր, որ եթե Իլհամ Ալիևի չառաջադրի իր թեկնածությունը, ապա երկրի հաջորդ նախագահը կդառնա նրա կինը՝ Մեհրիբան Ալիևան: