Պետական բյուջեն կատարվել է շուրջ 27.5 մլրդ դրամ հավելուրդով
Հունիսի 1-ին ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջեների կատարման հաշվետվությունների և վերլուծության վաչության պետ Գայանե Զարգարյանը ներկայացրեց ընթացիկ տարվա առաջին չորս ամիսների ՀՀ պետական բյուջեի կատարողականի ամփոփ արդյունքները: Գայանե Զարգարյանը նշեց, որ պետական բյուջեն կատարվել է սահուն, և ապահովվել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում հունվար-ապրիլ ամիսներին պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը:
2013 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 324.7 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 297.2 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 64.9%-ով և 59.2%-ով ապահովել են ՀՀ կառավարության առաջին կիսամյակի ծրագրի կատարումը: Արդյունքում՝ ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 27.5 մլրդ դրամ հավելուրդով` առաջին կիսամյակում նախատեսված 2.2 մլրդ դրամ պակասուրդի դիմաց: Բյուջետային ելքերի համեմատ մուտքերի առավել բարձր կատարողականի արդյունքում հավելուրդի ներքին աղբյուրներում ձևավորված ազատ միջոցներն ավելացել են 232.5 մլն դրամով` առաջին կիսամյակի ծրագրով նախատեսված 41.8 մլրդ դրամի օգտագործման փոխարեն:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 23.5% ով կամ 61.7 մլրդ դրամով, ինչը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին, ծախսերն աճել են 10.5% ով կամ շուրջ 28.2 մլրդ դրամով՝ պայմանավորված ընթացիկ ծախսերի աճով: