
«Վերին Լարս» անցակետն այսօրվանից կգործի շուրւջօրյա ռեժիմով

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուս-վրացական սահմանին ընկած «Վերին Լարս» անցակետն այսօրվանից սկսած կգործի շուրւջօրյա ռեժիմով: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրասատանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Վախթանգ Աբաշիձեն:
Վերջինիս խոսքերով՝ շուրջօրյա աշխատանքային ռեժիմին անցում կատարելը շատ կարևոր է՝ վրացական արտադրանքը ռուսական շուկա արտահանելու մասին որոշման ընդունման ֆոնին.
«Դա միակ լեգալ ցամաքային անցակետն է Ռուսաստանի հետ մեր սահմանին, ինչպես նաև ամենակարճ ուղին է՝ մեր արտադրանքը՝ գինին, հանքային ջուրը և գյուղմթերքը, Ռուսաստան հասցնելու համար: Անցակետի շուրջօրյա աշխատանքը կապահովի նաև Հայաստանից ու Թուրքիայից բեռների տարանցումը Ռուսաստան:
Թուրքիան շահագրգռված է մեծ քանակությամբ բեռներ Սոչի ուղարկելում, ուր ընթանում է Օլիմպիական խաղերի օբյեկտների կառուցումը, իսկ Վրաստանի միջոցով դա անելն ամենակարճ ուղին է»:
Հիշեցնենք, որ ապրիլի երկրորդ կեսին հայտնի դարձավ, որ Թուրքիան ցանկանում է տարեկան 160.000 տոննա միրգ ու բանջարեղեն Վրաստանով արտահանել Ռուսաստան: