Բաժիններ՝

Բնապահպան ակտիվիստները մասնակցել են քննարկմանը

Բնապահպանության նախարարությունում  այսօր  անցկացվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի նախագծի հանրային քննարկում:

Օրենքի նախագիծը մինչ այդ քննարկվել և ընդհանուր առմամբ հավանության էր արժանացել Միացյալ ազգերի կազմակերպության Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ)  «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ  տեղեկատվության մատչելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» Օրհուսի կոնվենցիայի միջգերատեսչական հանձնաժողովում:

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի նախագահությամբ կազմակերպված քննարկմանը մասնակցել են բնապահպանության ոլորտում գործող մի շարք  հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և անկախ փորձագետներ:

Բնապահպանության նախարարն ողջունելով քննարկման մասնակիցներին՝ տեղեկացրել է, որ օրենքի նախագիծը փորձաքննության է ենթարկվել տարբեր ձևաչափերով:

Նախարարը շեշտել է, որ մինչ այժմ ստացված բոլոր ողջամիտ առաջարկները ներառվել են օրենքի նախագծում և հանրային քննարկման արդյունքում ևս հնչած հիմնավոր առաջարկները հաշվի կառնվեն:

«Մեր ցանկությունն այն է, որ Օրենքի փոփոխությունների փաթեթը լինի ամբողջական, բազմակողմանի  քննարկված և բոլորի շահերը հաշվի առնող նախագիծ»,- նշել է Արամ Հարությունյանը:  ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ, աշխատանքային խմբի ղեկավար Սիմոն Պապյանը, անդրադառնալով օրենքի նախագիծը նախապատրաստող աշխատանքային խմբին, նկատել է, որ խմբի 9 անդամներից 6-ը ներկայացնում են հասարակական կազմակերպությունները՝ ինչը փաստում է դրա մշակման գործընթացին  հասարակության մասնակցության մասին:

Օրենքի նախագիծը ներկայացրել են  աշխատանքային խմբի անդամներ Ազգանուշ Դռնոյանը  («Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ) և Արթուր Գրիգորյանը  («Էկո դար»ՀԿ-ի իրավաբան): Ելույթներով հանդես են եկել Ինգա Զարաֆյանը («Էկոլուր» ՀԿ նախագահ),  անկախ փորձագետ Սրբուհի Հարությունյանը և «Դալմա-Սոնա» հիմնադրամի նախագահ Ռուզան Ղազարյանը: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում և շահագրգիռ քննարկում:

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը քննարկման ավարտին շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր շահագրգռված են ՙՇրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին՚ ՀՀ օրենքի ընդունումով և իրենց դիտարկումներն են ներկայացրել օրենքի գործնական կիրառման դեպքում հնարավոր խնդիրները կանխելու հարցում: Նախարարը քննարկման մասնակիցներին մեկ անգամ ևս հավաստիացրել է, որ բոլոր հիմնավոր առաջարկները կներառվեն օրենքի նախագծում: Արամ Հարությունյանն առաջարկել է մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել բոլոր նոր առաջարկները օրենքի վերաբերյալ:

ՀՀ բնապահպանության նախարարություն

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս