Վլադիմիր Կարապետյան. Եվրոպայի խորհուրդը ուշադրության տակ չի պահում Հայաստանի խնդիրները (լուսանկարներ, տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք` այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունենում ԵԽ ԽՎ մշտական հանձնաժողովի նիստը, որտեղ Հայաստանը ԵԽ նախարարների կոմիտեում առաջին անգամ նախագահությունը ստանձնեց վեցամսյա ժամկետով: Այս առնչությամբ ՀԱԿ երիտասարդ ակտիվիստները բողոքի ակցիա են կազմակերպել հյուրանոցի շենքի առջև՝ ԵԽ ԽՎ-ին մեղադրելով Հայաստանում տեղ գտած ամենաթողության, երկրի հանցավոր կառավարման, մարդու հիմնարար իրավունքների ոտնահարման և մի շարք այլ երևույթներին ոչ համաչափ արձագանք ցուցաբերելու համար:

Մեզ հետ զրույցում ակցիային ներկա ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը նշեց, թե քանի որ Հայաստանի ԵԽ նախագահության շրջանակներում մի շարք միջոցառումնր են անցկացվելու Երևանում՝ իրենք ցանկանում են Հայաստանում առկա խնդիրները պահել նրանց ուշադրության կենտրոն: «Մենք ուզում ենք այսօրվա բյուրոյի նիստն օգտագործել՝ հնչեցնելու այն խնդիրների մասին, որոնք կան Հայաստանում»,- ասաց Վլադիմիր Կարապետյանը՝ ԵԽ ԽՎ-ին հիշեցնելով, որ Հայաստանին տրված հանձնարարականներն ու պարտավորությունները, չեն կատարվել:

Կարապետյանը նշեց, որ խոսքն առաջին հերթին Մարտի 1-ի դեպքերը չբացահայտելու ու Հայաստանում քաղբանտարյալ ունենալու մասին է: «ԵԽ ԽՎ-ն վերացական կառուց չէ, այն մի կառույց է, որի անդամ ենք մենք՝ սա մեր կառույցն է: Թեև Հայաստանը մոնիտորինգի տակ է, Եվրոպայի խորհուրդը ուշադրության տակ չի պահում Հայաստանի խնդիրները, որին էլ ուղղված է հենց մեր ակցիան»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ  Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, ով այսօր Ստրասբուրգում մասնակցել է ԵԽ ԽՎ մշտական հանձնաժողովի նիստին, բարձրաձայնել է մի շարք հարցեր:

hak2

hak3

Սակայն նշենք, որ Լ. Զուրաբյանը ԵԽ ԽՎ մշտական հանձնաժողովի անդամ չէ, ուստի նա նիստի ընթացքում հարց տալու հնարավորություն չի ունեցել: Նա նիստի ավարտից հետո, ինչպես լրագրողներին փոխանցել է Լ. Զուրաբյանը, ԵԽ ԽՎ նախագահ Ժ. Մինյոնի հետ ինքը զրուցել ու ներկայացրել է ՀԱԿ երիտասարդների ակցիայի մասին: «Ինքը (նկատ ունի ԵԽ ԽՎ նախագահին,- Տ.Մ.) բնականաբար մեղադրանքները չի ընդունում, ինչով էլ ավարտեցինք խոսակցությունը»,- ասել է նա:

Նշենք, որ ակտիվիստները շարունակում են կանգնած մնալ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի շենքի առջև՝ պարբերաբար վանկարկելով «ազատություն, ազատություն քաղբանտարկյալներին» և այլն:

ՏԻԳՐԱՆՈՒՀԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս