ՀԱԿ երիտասարդները բողոքի ակցիա են անցկացնում

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի դիմաց, որտեղ այս պահին շարունակվում է ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի նիստը, ՀԱԿ երիտասարդ ակտիվիստները բողոքի ակցիա են անցկացնում։

«Ազատություն» և նման այլ վանկարկումներով՝ նրանք սպասում են նիստի ավարտին, իրենց բողոքը մասնակիցներին փոխանցելու համար։ ՀԱԿ երիտասարդներին են միացել նաև զոհվհած զինվորների ծնողները։

Հյուրանոցի առջև հավաքվել են նաև մի խումբ ոստիկաններ, որպեսզի ակտիվիստները մուտք չգործեն հյուրանոց։

Այստեղ են նաև ՀԱԿ անդամներ Լևոն Զուրաբյանն ու Վլադիմիր Կարապետյանը։

Հիշեցնենք, որ ՀԱԿ երիտասարդական միությունը երեկ հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ բողոքի ակցիա է անցկացնելու հետևյալ պահանջներով.

1. Պահանջել ՀՀ-ում գործող իշխանություններից ձեռնարկել կոնկրետ քայլեր 2008 թվականի Մարտի 1-ին իրագործված սպանդը բացահայտելու և մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով

2. Անհապաղ արձագանքել վերջին` Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում տեղ գտած ապօրինություններին

3. Դատապարտել իշխող հանրապետական կուսակցության կողմից բոլոր տեսակի ընտրությունների հետևողական կեղծումը, քաղաքացիների ահաբեկումը, ընտրակաշառքի բաժանումը

4. Պահանջել դադարեցնել քաղաքական հետապնդումը Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստների` Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի, Արտակ Կարապետյանի, Դավիթ Քիրամիջյնաի նկատմամբ, եւ անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին:

«Տվյալ արատավոր երևույթենրի հանդուրժումը թույլ է տալու ՀՀ քաղաքացիներին ենթադրելու, որ ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովը Սերժ Սարգսյանի ոչ օրինակարգ իշխանության հետ ձեռք է բերել հանցավոր համաձայնություն Հայաստանը թալանելու գործում:

Կոչ ենք անում անարձագանք չթողնել ՀՀ-ում տիրող իրավիճակը և հավատարիմ մնալ ԵԽԽՎ-ի կողմից որդեգրած սզբունքներին, նպաստել Հայաստանում Սահմանադրական կարգի վերականգնման և իրական ժողովրդավարության կայացման գործին:

Կոչ ենք անում նաև ՀՀ-ում գործող բոլոր իրավապաշտպան կազմակերպություններին, քաղաքացիական նախաձեռնություններին, քաղաքական ուժերին և Հայաստանի ապագայով մտահոգ քաղաքացիներին միանալ բարձրացված պահանջներին և ներկա գտնվել բողոքի ցույցին»,- նշված էր հայտարարության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս