Երբ կլուծվի հեղեղումների խնդիրը
Երևանի անձրևատար ցանցը մոտ 250 կմ է, որը սպասարկվում է «Երևան ջուր» ընկերության կողմից: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանը, 2011-2012թթ. մի քանի փողոցների՝ Ռուբինյանց, Սևանի, Լենինգրադյան, Թևոսյան և այլն, վերանորոգման աշխատանքներ են տարվել և իրավիճակը նորմալացել է: Կ.Ղազարյանի խոսքով՝ վերջին անձրևից հետո ջրի կուտակումներն արագ վերացրել են, սակայն կան փողոցներ, որտեղ պետք է անձրևատարերը վերականգնեն:
«Այն փողոցներում, որտեղ ասֆալտապատման աշխատանքներ են տարվում, զուգահեռ նորոգվում են նաև անձրևատարերը»,- ասաց Կ.Ղազարյանը:
«Երևան ջուր» ընկերության «Արևելք» շահագործման տնօրինության տնօրեն Կարապետ Օհանյանի խոսքով՝ իրենց կողմից աշխատանքներ են տարվել Մյասնիկյան պողոտայում, Գայի փողոցում, Բուսաբանական այգու մոտ: Նա նշեց, որ անձրևատարերի ցանցը մայրաքաղաքում կառուցվել է անցած դարի 70-80-ական թվականներին, «Երևան ջուրը» համակարգի վերահսկողությունը ստանձնել է 2006թ-ին: Օհանյանը նկատեց, որ տեղումների ծավալն ավելացել է, իսկ այն փաստը, որ որոշ տեղերում ջուրը դուրս է ժայթքում դիտահորերից, նշանակում է, որ խողովակների թողունակությունը բավարար չէ:
Կ.Օհանյանը հայտնեց, որ այս տարի ընկերությունը ծրագրում է 25-30 փողոցում ցանցը վերանորոգել, այդ թվում՝ խնդիրներ ունեցղ փողոցները: