
Այս տարի Իրանում չի կրկնվի 2009 թվականի սցենարը. ՌԴ-ում Իրանի դեսպան

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի իշխանությունները կարող են ամբողջովին վերահսկել իրավիճակը հունիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրություններում: Այս մասին Մոսկվայում հայտարարել է Իրանի դեսպան Մահմուդռեզա Սաջադին:
Վերջինիս խոսքերով՝ Իրանի իշխանությունները թույլ չեն տա, որ նախագահական ընտրություններից հետո կրկնվեն անկարգություններ, ինչպես որ տեղի ունեցած նախորդ դեպքում՝ 2009 թվականի նախագահական ընտրություններից հետո:
Դեսպանի կարծիքով՝ առաջիկա նախագահական ընտրությունները կլինեն բավական դինամիկ և անկանխատեսելի, սակայն առանց միջադեպերի: Նա ընդգծել է, որ Իրանի իշխանությունները բնակչությանը հնարավորություն կտան հանգիստ իրավիճակում կատարել սեփական ընտրությունը:
Դեսպանը վստահություն է հայտնել, որ այս տարի չի կրկնվի 2009 թվականի սցենարը, երբ արևմտյան երկրներն իրականացրին նախապես պլանավորած ակցիաները՝ նախագահական ընտրություններում իրավիճակը խաթարելու համար: