
«Հզբոլլահը» վերջնագիր է ներկայացրել ՀԱՄԱՍ-ին

Պաղեստինյան Lamsat ռադիոկայանի փոխանցմամբ՝ «Հզբոլլահը» վերջնագիր է ներկայացրել ՀԱՄԱՍ-ին: Այս մասին հայտնել են Լիբանանում պաղեստինյան աղբյուրները: Բեքաայի հովտում գտնվող «Հզբոլլահի» հրամանատարները Լիբանանում գտնվող ՀԱՄԱՍ-ի կադրերին հայտարարել են անցանկալի անձ (persona non grata), որոնք պետք է անհապաղ լքեն երկիրը:
Որպես նման որոշման պատճառ են նշվում սիրիական ընդդիմության կողմից Սիրիայում իշխող վարչակարգի դեմ պայքարին ՀԱՄԱՍ-ի մասնակցության «անհերքելի» ապացույցները: ՀԱՄԱՍ-ը մեղադրվել է նաև Կատարից ստացած ցուցումները կատարելու մեջ:
Նշվում է, որ Ալ-Քուսեյրի համար մղվող մարտերում գերի են վերցվել ՀԱՄԱՍ-ի ռազմական թև «Բրիգադ ալ-Քասսամի» մի քանի անդամ: Նրանք խոսովանել են, որ իրենց հավաքագրել են՝ այդ պատերազմում Սիրիայի ու «Հզբոլլահի» դեմ պայքարելու համար: