«Մենք խրախուսում ենք Մինսկի խմբի շրջանակներում իրականացվող բանակցությունները». ԵԽԽՎ նախագահ
«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում ընթանում է ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի նիստը, որին մասնակցում են ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Իր ելույթում Ժան-Կլոդ Մինյոնը նշեց, որ իրենց զեկույցները բարվոք հիմք են սահմանում միջմշակութային երկխոսության վերաբերյալ բանավեճ ծավալելու հարցում:
Նա կարևորեց Հայաստանի հետ սերտորեն համագործակցելու հարցն ու շեշտեց, որ այս հարցում իրենք «ամեն ինչ կանեն»՝ ավելացնելով, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում արդեն որոշ քայլեր արվել են: ԵԽԽՎ նախագահի խոսքով՝ լինելով նաև պաշտոնական այցով Բաքվում ու Թբիլիսիում, ինքը բավական ոգևորված է՝ տեսնելով պետությունների պատրաստակամությունը համագործակցել եվրոպական կառույցների հետ: «Քաջալերված եմ՝ տեսնելով եվրոպական ու տրանսատլանտյան հանձնառությունը տարածաշրջանի բոլոր երեք պետությունների կողմից: Հայաստանն, Ադրբեջանն ու Վրաստանը լուրջ գործընկերներ են ԵԽԽՎ-ին ու առաջընթաց են արձանագրում ժողովրդավար, բարեկեցիկ հասարակություն կերտելու, Եվրոպայի խորհրդի հիմնարար արժեքները հարգելու գործում: Յուրաքանչյուր երկրում էլ դեռ շատ անելիքներ կան, բայց համեմատել, հակադրել պետություններն իրար, մեկին ամոթ տալ, մյուսին ավելի լավը համարել, մենք չենք ուզում: Մենք պետք է սա գիտակցենք՝ հաշվի առնելով ձեր պատմությունը, անցյալը, մշակությանի առանաձնահատկությունները»,- նշեց նա:
Ժան-Կլոդ Մինյոնը հավելեց, որ Եվրոպայի խորհուրդը տարածաշրջանում հիմնարար դերակատարում ունի: Ըստ նրա՝ հայկական, վրացական ու ադրրջեբանական իշխանություններն ունեն իրենց փորձագիտական օժանդակության կարիքը: Միևնույն ժամանակ, Մինյոնի հավաստմամբ, Եվրոպայի խորհուրդն էլ՝ որպես համաեվրոպական կառույց, այս տարածաշրջանի կարիքն ունի՝ միասնական եվրոպա կերտելու հարցում: «Հիմա հիանալի, յուրահատուկ հնարավորություն է՝ ամրապնդելու համար համաեվրոպական համագործակցությունն ու մեր արժեքների հարգումը՝ մասնավորապես նոր թափ հաղորդելով սառեցված հակամարտությունների լուծման ջանքերին՝ հատկապես՝ Լեռնային Ղարաբաղի սառեցված հակամարտության լուծման ջանքերին: Մենք, անշուշտ, խրախուսում ենք Մինսկի խմբի շրջանակներում իրականացվող բանակցությունները: Միևնույն ժամանակ մենք պետք է խրախուսենք քաղաքական հաշտեցումն ու երկխոսությունը պետությունների ընտրված ներկայացուցիչների միջև: Ես և Վեհաժողովն ավելի քան պատրաստ ենք այս ուղղությամբ առաջ շարժվել»,- եզրափակեց նա: