
ՌԴ ԱԳՆ-ը քննադատել է Սիրիայում ոչ թռիչքային գոտի ձևավորելու ԱՄՆ-ի մտադրությունը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ԱԳՆ-ը քննադատության է ենթարկել Սիրիայում ոչ թռիչքային գոտի ստեղծելու հնարավորության մասին ԱՄՆ-ի հայտարարությունը:
Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը Վաշինգտոնին կոչ է արել հավատարիմ մնալ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի կատարած մոսկովյան այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններին՝ կապված Սիրիական հակամարտության կարգավորման հետ:
Նա ընդգծել է, որ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցչի կողմից Սիրիայում ոչ թռիչքային գոտու ստեղծման հնարավորության մասին հայտարարությունը ստիպում է կասկածել իրենց տարածաշրջանային ու միջազգային մի շարք գործընկերների՝ Սիրիական հակամարտությունը քաղաքական ճանապարհով կարգավորելու մտադրությունների անկեղծության վրա:
Լուկաշևիչը հավելել է, որ այդ ամենն անբարենպաստ մթնոլորտ է առաջացնում Սիրիայի վերաբերյալ միջազգային կոնֆերանս գումարելու ռուս-ամերիկյան նախաձեռնությունն իրագործելու համար: