2012 թվականին ահաբեկչություններ են իրականացվել աշխարհի 85 երկրում. ԱՄՆ պետդեպարտամենտ
«Ամերիկայի ձայն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է 2012 թվականին ահաբեկչության մասին իր ամենամյա զեկույցը: Դրանում ասվում է, որ 2012 թվականին զգալիորեն ակտիվացել են Իրանի աջակցած ահաբեկչական կազմակերպություններն ու խմբերը, մինչդեռ Պակիստանում զգալիորեն թուլացել են «Ալ-Քաիդայի» դիրքերը:
Երեկ ԱՄՆ կոնգրեսին ներկայացված այդ զեկույցում նշված է, որ նախորդ տարի չափազանց ակտիվ են գտնվել Իրանն ու Լիբանանում գործող «Հզբոլլահը», որոնք պլանավորել են ահաբեկչություններ և ամեն կերպ աջակցել են սիրիական վարչակարգին ապստամբների դեմ նրա պայքարում:
Զեկույցում ասվում է, որ 2012 թվականին զգալիորեն թուլացել են «Ալ-Քաիդայի» մասնաճյուղերը Պակիստանում ու Եմենում: Սոմալիի կառավարությունն Աֆրիկյան միության առաքելության օգնությամբ երկրի խոշոր քաղաքները մաքրել է «Ալ-Շաբաբ» զինյալների խմբից:
Սակայն Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի իրադարձությունները բարդացրել են ահաբեկչության դեմ պայքարի պլանում իրավիճակը: Զեկույցում նշված է, որ 2012 թվականին ահաբեկչություններ են իրականացվել աշխարհի 85 երկրում, ինչը հիմնականում առնչվել է Պակիստանին, Իրաքին ու Աֆղանստանին:
Զեկույցում նշված է, որ ահաբեկչական կազմակերպությունների ցանցի վերացման համար անհրաժեշտ է միջազգային համագործակցություն: