Էներգակիրների գների աճը ճգնաժամ կառաջացնի. ՀԱԳՄ
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունը դիմում է ուղարկել ՀՀ Կառավարություն՝ իր մտահոգությունն արտահայտելով գազի և էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ:
168.am-ին ՀԳԱՄ-ից տրամադրած դիմումում ասվում է.
«Տնտեսական զարգացման բնագավառում առանց այդ էլ բազում խնդիրներ ունեցող Հայաստանի համար էներգակիրների գների էական բարձրացումն անխուսափելիորեն կդառնա ճգնաժամային իրավիճակի ստեղծման պատճառ`կապված թողարկվող ապրանքների և ծառայությունների ինքնարժեքի (գների ) կանխատեսելի բարձրացման հետ:
Արդյունքում՝
-լրջորեն կխաթարվեն տեղական ապրանքարտադրողների հնարավորությունները թե՛ արտաքին և թե՛ ներքին շուկաներում,
-ազգաբնակչության վճարունակ պահանջարկի նվազումը կբերի ներքին շուկայում իրացվող արտադրանքի (ծառայությունների) համպատասխան նվազման,
-շոշափելիորեն կնվազեն պետբյուջե մուծվող հարկերն ու տուրքերը, բնականաբար նաև սոցիալական ուղղվածություն ունեցող պետական ծախսերը, ինչն էլ կհանգեցնի բնակչության դժգոհությունների մեծացմանն ու արտագաղթի ավելացմանը:
Հայաստանի արդյունաբերողների և գործարաների (գործատուների) միությունը գտնում է, որ նշված մարտահրավերների պայմաններում նախ և առաջ անհրաժեշտ է ստեղծված իրավիճակի սթափ գնահատում: Քաղաքական անպտուղ բանավեճերից խնդիրը պետք է տեղափոխվի տնտեսական լուծումների դաշտ: Երկրի տնտեսությունը, նրա կառավարման ողջ համակարգը պետք է ընդունակ լինեն համարժեք արձագանքելու նման էքստրեմալ իրավիճակներին՝ անկախ դրանց առաջացման պատճառներից (քաղաքական, թե տնտեսական): Ըստ էության խնդիրը շատ հստակ ձևակերպում ունի. տարվող տնտեսական քաղաքականության մեջ իրականացնել փոփոխություններ, որոնց նպատակը պետք է լինի ոչ միայն էներգակիրների գնաճի հետևանքների մեղմումը հայրենական ապրանքարտադրողների համար, այլև սոցիալական նպատակներին ուղղվող բյուջետային միջոցների համապատասխան աճի ապահովումը:
Գտնում ենք, որ հնարավոր լուծումների շրջանակը կարող է լինել լայն՝ սկսած էներգախնայող տեխնոլոգիաների ներդրմանն աջակցող քայլերից մինչև չափավոր պրոտեկցիոնիզմ:
Առաջարկում ենք ՀՀ կառավարությանը շուտափույթ կազմակերպել հարցի համակողմանի քննարկում բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ»: